Քննարկվել են ՀՀ ՏԿԵՆ-ի և ՊԳԿ-ի միջև ընթացիկ համագործակցության հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին։


Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության դերակատարությունը Հայաստանում։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցությանը և վերջինիս ընդլայնման հարցերին:


Խուդաթյանը հատուկ ընդգծել է «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման (LEAD)» ծրագիրը, որի հիմնական նպատակն է տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների միջոցով նպաստել Հայաստանի հյուսիսային երեք մարզերի՝ Տավուշի, Լոռու, Շիրակի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը:


Քննարկվել են նաև ծրագրի շրջանակներում Լոռու և Տավուշի մարզերում Տեղական Ակտիվ Խմբերի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր։


Ռայմունդ Յելեի կողմից ներկայացվել է կազմակերպության գործողությունների ծրագիրը 2024-2025 թվականների համար, որում կարևոր ուշադրություն է դարձվում համայնքների ներառական և կայուն զարգացման խթանմանը՝ սննդի նկատմամբ զգայուն և կանաչ ագրոբիզնեսների ու արժեշղթաների զարգացման միջոցով, ինչպես նաև ազգային մակարդակում ագրոպարենային համակարգերի քաղաքականությունների և թվայնացման հնարավորությունների ամրապնդմանը: