Որակը որոշակի արժեք ունի․ շեշտադրում ենք արել, որ տրանսպորտից մեծ կախում ունեցողների համար սոցիալական բեռը չբարձրանա

Վերջին օրերին մեծ աղմուկ հանած տրանսպորտային միասնական տոսմային համակարգի վերաբերյալ այսօր իր ֆեսյբուքյան  էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և տեղեկացրել, որ Փետրվարի 11-ի Երևանի ավագանու նիստում առաջարկելու են միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ փոփոխություններ։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանի հետ։


«Հանրության հետ տարբեր տեսակի շփումների արդյունքում մշտապես քննարկումներ են տեղի ունենում խմբակցությունում և այդ քննարկումների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ այս փուլում տասնանգամյա փաթեթի սակագինը ցանկանում ենք սահմանել 2000 դրամ  և նաև երկարացնենք դրա վավերականության ժամկետը՝ 30 օրից դարձնելով 45 օր։ Ինչպես նաև 300 դրամանոց մեկանգամյա փաթեթը, որը նախատեսված էր 90 րոպե երթևեկության համար, դա դարձնել 180 րոպե տևողությամբ»,- ասաց Հայկ Միրզոյանը։


Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքացի իրենց սահմանած փաթեթներով ունենում է ընտրելու երկու տիպի հնարավորություն և պլանավորելու իր առօրյան, պլանավորելու, թե տրանսպորտից ինչպես օգտվի, որը կարող է լինել երկու բաղադրիչով, առաջինը՝ ըստ ժամկետի, երկրորդը՝ ըստ տևողության։


Հարցին, թե ինչն էր խանգարում հենց նոր ավտոբուսների գալուց սկսած մարդկանց հստակորեն բացատրել, որ հարմարավետ տրանսպորտի համար պետք է ավել գումար վճարել, ավագանու անդամն ասաց, որ այս խոսակցությունը նոր չէ և բավականին երկար ժամանակ, հենց այդ տրանսպորտային ռեֆորմն իրականացնելիս խոսել են, որ տրանպորտի որակի որոշակի բարձրացում է տեղի ունենում, որից հետո բնականաբար, ենթադրելի է, որ միասնական տոմսային համակարգ և այլն ներդրվելու է։


«Երբ որ մենք նշում ենք, որ տրանսպորտը բարելավելու ենք որակական իմաստով, իսկ ցանկացած պրոդուկտ, երբ որ դու որակապես բարձրացնում ես, բնականաբար այդ որակը որոշակի արժեք ունի, բայց այստեղ մենք շատ կարևոր շեշտադրում ենք արել, որ և պահպանենք  սոցիալական արդարությունն այն տեսակետից, որ իսկապես տրանսպորտից մեծ կախում ունեցող անձանց համար սոցիալական բեռը չբարձրանա։ Բացի դրանից նաև գիտեք, որ մենք արտոնություն ենք սահմանել որոշակի խմբերի համար»,- ասաց Հայկ Միրզոյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան