Զախարովան՝ հայ գերիների վերադարձի մասին

Ռուսաստանը հավատարիմ է մնում եռակողմ պայմանավորվածություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար խնդիրների լուծմանը: 


Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Բաքվում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս հայերի ազատ արձակման մասին հարցին:


Զախարովան ընդգծել է, որ գոյություն ունեցող հարցերից շատերը սրվել են տասնամյակների ընթացքում:


«Այս խնդիրները մի վայրկյանում չեն առաջացել, դա տարիներ շարունակ ձևավորված բարդ թնջուկի մի մասն է։ Դրանք պետք է լուծել Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- նշել է նա։


Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին աջակցել փախստականների իրավունքների պահպանման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման, անհետ կորածների որոնման, ինչպես նաև պահվող անձանց փոխանակման և վերադարձի հարցերում: Այդ միջոցառումները, նրա կարծիքով, կարող են բարելավել կողմերի միջև երկխոսության մթնոլորտը։