ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հունվարի 22-ին այցելել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» վերազգային կորպորացիայի կողմից հիմնված PMI Science (Փի Էմ Այ Սայնս) գիտահետազոտական կենտրոն, որը «Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից հիմնված խոշոր գիտահետազոտական կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի, Չինաստանի ու Իտալիայի կենտրոնների հետ միասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։



Կենտրոնում իրականացվող նպատակային աշխատանքներն ու զարգացման ծրագրերն են նախարարին ներկայացրել  «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի պրոդուկտների և դրանց ստեղծման և զարգացման ընթացքի տեխնոլոգիայի փոխնախագահ Լուկա Ռոսսին և PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար  Գուրգեն Մադոյանը։



«Կարևորելով PMI Science գիտահետազոտական կենտրոնի դերը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի համատեքստում՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է գիտահետազոտական (R&D) ուղղության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության մոտեցումները, որոնք արտահայտված են վերջերս ընդունված և 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում։


 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի արտաքին կապերի և գիտական ներգրավվածության գծով կառավարիչ Վիկտորիա Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին և ենթակառուցվածքներին, հայկական ինժեներական գործընկեր կազմակերպությունների աշխատակիցները ներկայացրել են կենտրոնի հետ համատեղ ընթացիկ գործունեությունը, տարվող աշխատանքներն ու հնարավորությունները:


 Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Մաթեմատիկական գիտությունների կենտրոնի աշխատակիցների հետ՝ կենտրոնի ղեկավար Նարեկ Մելքոնյանի գլխավորությամբ։ Նախարարին են ներկայացվել ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև աշխատանքի ընթացքում ծագած խնդիրները։ Քննարկվել են խնդիրների լուծման մի շարք հնարավորություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի մագիստրոսական և դոկտորական աստիճանների շահառուների, հրավիրված գիտնականների հետ էլ կայացել է կլոր սեղան-քննարկում՝ ֆունդամենտալ և կիրառական գիտության զարգացման մեջ մասնավոր ընկերությունների դերի, իրականացվող աշխատանքների, այդ ճանապարհին ծագած խնդիրների վերաբերյալ։


«Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով այս ուղղությամբ ՀՀ կառավարության առաջնահերթություններին, նշել է, որ մեծ կարևորություն է տրվում գիտության զարգացմանը, որի առանցքում գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված գիտահեն, ինքնաբավ տնտեսության կառուցումն է, որում կարևորագույն դերակատարություն ունի  նորարարությունը։ Այս համատեքստում՝ նախարարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից գիտության ոլորտի զարգացման համար կատարվող ներդրումները։ Քննարկվել են Հայաստանում գիտության առաջընթացին ուղղված մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում ունեցած ավանդույթներին, նվաճումներին ու ձեռքբերումներին, դրանց շարունակականությանը։


 Պայմանավորվածություն է ձեռք բերվել   առաջիկայում  առավել մանրամասն քննարկումներ ունենալ այս ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից՝ հավելելով, որ այցի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է նաև համալսարանի  տարածքով, ծանոթացել PMI Science-ի աջակցությամբ կառուցվող գիտական այգուն և բարեկարգման աշխատանքներին։