ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի մենեջեր Հոլգեր Քլեյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և տեղեկացրել, որ ՀՀ Կառավարությունը հաջորդ տասնամյակի համար ունի հստակ տեսլական՝ ավանդական փոքրածավալ արտադրությունից անցում դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն։
Գևորգ Պապոյանը նշել է նաև գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ նպատակները՝ հողային բարեփոխումներ, արտահանման դիվերսիֆիկացում, թվային գյուղատնտեսություն և նորարարություն, սննդի անվտանգություն և մարդկային կապիտալի զարգացում, գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում: