Մոսկվան անհրաժեշտ է համարում «որքան հնարավոր է շուտ» վերսկսել Վաշինգտոնի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Պեսկովը լրագրողների հետ զրույցում այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը. վերջինս հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը մոտ էին միջուկային զինանոցի կրճատման մասին համաձայնագրի կնքմանը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ սպառազինությունների
վերահսկման ոլորտում պայմանագրա-իրավական բազան «էականորեն խարխլվել է, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի
մեղքով»։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսումը
բխում է «ամբողջ աշխարհի, (երկու երկրների) ժողովուրդների շահերից»:
«Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ այս բանակցային
գործընթացը հնարավորինս շուտ սկսվի։ Բայց ես ուզում եմ հիշեցնել նախագահ Պուտինի
խոսքերը, որ ներկա պայմաններում, իհարկե, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բոլոր
միջուկային պոտենցիալներին։ Չի կարելի, օրինակ, բանակցություններ վարել և
ուշադրություն չդարձնել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պոտենցիալներին»,- հավելել է
Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ «(ԱՄՆ-ի հետ)
խոսել պետք է, սակայն ժամանակը մեծ մասամբ բաց է թողնվել»։ «Մենք նախկինում խոսել
ենք այստեղ նման շահագրգռվածության մասին, ուստի գնդակը ամերիկացիների դաշտում է,
որոնք խզել են բոլոր պայմանագրերը, բոլոր առարկայական շփումները մեր երկրի հետ»,-
ընդգծել է Պեսկովը։