«Դուք միշտ ցանկալի և թանկ հյուր եք ռուսական հողում». Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։


Ռուսաստանի ղեկավարը հեռագիր է ուղարկել Բելառուսի նախագահին և նրա հաղթանակը հանրապետությունում կայացած ընտրություններում անվանել համոզիչ։ Պուտինի խոսքով՝ քվեարկության արդյունքները վկայում են Լուկաշենկոյի «բարձր քաղաքական հեղինակության և քաղաքացիների կողմից նրա ընտրած պետական ​​կուրսի աջակցության մասին»։

 

«Վերջին ժամանակներս մեզ հաջողվեց շատ բան անել Մոսկվայի և Մինսկի միջև բարեկամական կապերի ամրապնդման համար։ Եվ, իհարկե, մենք կշարունակենք համատեղ աշխատանքը ռուս-բելառուսական բազմապլան համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ»,- ասված է նամակում։


ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն միջոցներ ձեռնարկել Միութենական պետության ինստիտուտների արդյունավետությունը բարձրացնելու և Եվրասիայում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացները առաջ մղելու համար։

 

Պուտինը Լուկաշենկոյին մաղթել է առողջություն և նորանոր հաջողություններ պետության ղեկավարի պաշտոնում։ Նա հավելել է, որ «մոտ ժամանակներս» ակնկալում է իր բելառուս գործընկերոջ պաշտոնական այցը Մոսկվա։


«Դուք միշտ ցանկալի և թանկ հյուր եք ռուսական հողում»,- հավելել է ՌԴ ղեկավարը։