Դարձի՛ր կամավոր հայրենիքում․մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը

Դարձի՛ր կամավոր հայրենիքում․ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը: Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։


Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում:


Սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները ներառում են մասնագիտական խորհրդատվության տրամադրում, փորձի փոխանակում, դասընթացների կազմակերպում և այլ գործունեություն։


2025 թվականին մասնագիտական աշխատանքի կատարման համար նախապատվություն է տրվում հետևյալ ուղղություններին․


  • Նախագծերի կառավարում,
  • Թարգմանչական գործ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներ),
  • MS ծրագրերի կառավարում,
  • Գրաֆիկ դիզայն։


Հայտադիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 14-ից մարտի 1-ը ներառյալ: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու առցանց/առկա հարցազրույցների:


Ծրագրի պահանջներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում։