ԶՈՒ-ում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը բացառիկ կարևորություն ունեն. ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:


«Սիրելի՛ հայրենակիցներ,

հարգելի՛ զինծառայողներ,

Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։


Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը:


Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։


Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։ Պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական հաստատություններ՝ անձամբ հանդիպելով զինծառայողների հետ՝ հասկանալու և բարձրացնելու նրանց մտահոգող հարցերը:


Մեր կողմից վերհանված համակարգային խնդիրների համար մշակվում և իրավասու պետական մարմիններին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և լուծումներ։


Շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր զինծառայողներին անվտանգ ծառայություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է ուղերձում: