«Պուտինը վախենում է բանակցություններից և ուժեղ առաջնորդներից. ուզում է պատերազմը ձգձգել». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որը նախօրեին հայտարարել էր, թե Զելենսկին իրավունք չունի ստորագրելու վերջնական խաղաղության համաձայնագիր։ Ուկրաինայի նախագահի հայտարարությունը նրա սոցցանցերում հայտնվել է հունվարի լույս 29-ի գիշերը։


«Այսօր Պուտինը կրկին հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմը երկարաձգելու համար։ Նրա յուրաքանչյուր քայլը և նրա բոլոր ցինիկ հնարքներն ուղղված են այն բանին, որ պատերազմն անվերջ դառնա»,- ասել է Զելենսկին։


Նա նշել է, որ այժմ «հնարավորություն կա հասնելու իրական խաղաղության», սակայն Պուտինն ամեն ինչ անում է, որպեսզի «կամ շարունակի սպանությունները ամբողջական ծավալով, կամ ստանա դադար, որպեսզի հետագայում, հիբրիդային հարվածներ հասցնելով, պատրաստի ամբողջական ծավալով նոր ներխուժում»:


Զելենսկին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել Պուտինին «պարտադրել» գնալու խաղաղության: