«Երևանը հստակ գիտի՝ ԵՄ հետ շուկաների բացումը կնշանակի ԵԱՏՄ հետ շուկաների փակում». Օվերչուկ

ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի նախաձեռնությունը չի քննարկվելու ուրբաթ օրը Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 


Ի պատասխան հարցի՝ կքննարկվի՞ արդյոք ԵՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ձգտումը, Օվերչուկն ասել է, որ օրակարգն արդեն հաստատված է, և «այդ հարցերն այստեղ չեն բարձրացվի»։


Նա հավելել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ակտիվ դերակատարում ունի և իրեն կառուցողական է պահում։


«Ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանը ԵԱՏՄ-ում հիմնական բենեֆիցիարն է: Անցած տարի առևտուրը կազմել է 12 միլիարդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է ԵՄ-ի հետ Հայաստանի առևտրի ծավալը: Միևնույն ժամանակ առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ աճում է, ԵՄ-ի հետ՝ նվազում, ինչը այլ խոսքերից ավելի լավ է բնութագրում տնտեսության իրական վիճակը»,- ​​ասել է ՌԴ փոխվարչապետը։


Միաժամանակ ՌԴ փոխվարչապետը կրկնել է, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության սկիզբը կնշանակի ԵԱՏՄ-ից նրա դուրս գալու սկիզբ։


«Այստեղ լուծումն ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում: Այլապես կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները... Սա ակնհայտ է, ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի վերադարձ մաքսային և մաքսային տարիֆին ԵԱՏՄ-ի հետ… Ոչ ոք այստեղ պատրանքներ չպետք է ունենա»,- նշել է Օվերչուկը։


Նա վստահ է, որ «դա բացարձակապես ակնհայտ է ցանկացած մարդու համար, ով թեկուզ մի փոքր ծանոթ է, թե ինչպես են կառուցված այս երկու ինտեգրացիոն միրավորումները»։ Հայկական կողմը, ըստ ՌԴ փոխվարչապետի, միանգամայն հստակ գիտի, թե դա ինչ հետևանքներ կունենա։