«Օպել աստրա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ 20-ամյա ուղևոր մահացել է

Հունվարի 31-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Սուքիասյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ Կարեն Սուքիասյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 1-ին, գիտակցության չգալով մահացել է։


Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։