Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին քաղաքացի Գայանե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ ամուսնուն՝ Toyota Yerevan ընկերության աշխատակից Գոռ Մելիքբեկյանին ու նրա 6 գործընկերներին բանավոր զգուշացում է եղել՝ Հանրապետության հրապարակում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին չմասնակցելու պարագայում ազատվելու են աշխատանից։
Տեղի ունեցածից օրեր անց դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով տեղեկություններ են ձեռք բերվել, որ դեկտեմբերի 21-ին Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ընկերության տնօրենը ընկերությունում աշխատող 30-35 աշխատակիցների, այդ թվում՝ որպես ավտոէլեկտրիկ աշխատող վերոհիշյալ տղամարդուն հորդորել է մասնակցել ընդդիմության հայտարարած՝ հաջորդ օրը տեղի ունենալիք գործադուլին և հանրահավաքին։ Ստանալով տղամարդու մերժումը՝ ընկերության տնօրենը նրան տեղեկացրել է, որ նման պայմաններում ավտոէլեկտրիկը չի կարող աշխատել իրենց կազմակերպությունում։
Դեկտեմբերի 23-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Գոռ Մելիքբեկյանը հրաժարվել է իր նախնական ցուցմունքը պնդելուց եւ այդ հիմքով քրեական գործը կարճվել է։ ՔԿ խոսնակ Վարդան Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քրեական գործը կարճվել է փաստական հիմքի բացակայության պայմաններում։
Սակայն կա մեկ այլ հանգամանք․ դեպքից ամիսներ անց Toyota Yerevan ընկերությունը դատի է տվել իր աշխատակից Գոռ Մելիքբեկյանի կնոջը՝ Գայանե Հովհաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով: Ընկերությունը Հովհաննիսյանից պահանջում է զրպարտության դիմաց 2 մլն դրամ փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում։
Դատարանը՝ նախագահությամբ Արմենուհի Բադիրյանին որոշում է կայացրել վարույթ ընդունել գործը և մասնակի կալանք է դրել աշխատակցի կնոջ գույքի վրա։ Դատաքննությունը շարունակվում է։