Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպումը Հայաստան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:


Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

«Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար:


«Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ, և այս համատեքստում մենք կարևորում ենք ԱՄՆ-ի նման գործընկերների անգնահատելի դերը այս նպատակներին հասնելու համար», - նշել է Գևորգ Պապոյանը:


Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը, դեղագործությանը, գյուղատնտեսությանն ու պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։


Ընդգծելով հայկական կողմի հետաքրքրվածությունը ամերիկյան շուկայով և կարևորելով այդտեղ հայկական գինիների ճանաչելիության բարձրացումն ու առաջմղումը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան։


Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրին և տնտեսության ոլորտում առկա ներդրումային լայն հնարավորություններին։


 Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել են տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: