Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունը հնարավորություն կտա կայունացնել մրցաշարի մասնակից թիմերի քանակը, ակումբներին կընձեռի հնարավորություն հանդիպումների գերակշռող մասն անցկացնել շաբաթ-կիրակի օրերին, գրում է ՀՖՖ-ի կայքը:
ՀՖՖ Մրցումների բաժնի պետ Էդգար Պետրոսյանը խոսել է առաջարկված փոփոխության դրդապատճառների և առավելությունների մասին։
«Ակումբների հետ ինտենսիվ շփումների արդյունքում պարզ դարձավ, որ որոշակի բարեփոխումների կարիք կա։ Ակումբները հիմնականում ուզում են խաղալ հանգստյան օրերին: Այս փոփոխությունները հնարավորություն կտան խաղերը հիմնականում անցկացնելու երեք օրվա միջակայքում՝ ուրբաթ-շաբաթ-կիրակի կամ շաբաթ-կիրակի-երկուշաբթի։ Դա իր հերթին կնպաստի, որպեսզի թիմերն ավելի լավ հանգստանան և պատշաճ կերպով պատրաստվեն եվրագավաթային հանդիպումներին։ Այս ձևաչափի շնորհիվ նաև հնարավորինս կխուսափենք հետաձգված հանդիպումների մեծ քանակից, որոնց մի մասի պատճառն աշխատանքային օրերին նշանակված մրցափուլերն էին, իսկ մյուսը՝ եվրագավաթային հանդիպումները։
Մի քանի ակումբ արդեն բանավոր արձագանքել է։ Մինչև փետրվարի 20-ը սպասում ենք ակումբների պաշտոնական դիրքորոշումներին։ ՀՖՖ-ն միշտ փորձում է կարևորագույն հարցերում լսել ակումբների կարծիքը։ Մենք այս ամենը չենք նախաձեռնել՝ համարելով, որ մեր առաջարկած ձևաչափերը լավագույնն են: Հիմա էլ վերահաստատում ենք, որ բաց ենք քննարկումների համար ու առաջարկում ենք, որ ակումբներն իրենց տեսակետներն առաջարկեն, անեն լրացումներ։ Ակնկալում ենք արձագանք բոլոր ակումբներից։ Միայն բոլորի կարծիքը լսելու դեպքում հնարավորություն կունենանք համեմատել և պատկերացում կազմել, թե որքանով են համընկնում ակումբների պատկերացումներն առաջնության անցկացման ձևաչափերի և այլ հարցերի առումով։ Այդ ամենը նաև մեզ կօգնի մշակել վերջնական տարբերակը, որն էլ կներկայացնենք ՀՖՖ Գործադիր կոմիտեի քննարկմանը»,- ասել է Էդգար Պետրոսյանը։