Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող ապօրինի գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանը հերթական նախնական դատական նիստն է նշանակել։ Այն կկայանա ս.թ. փետրվարի 28-ին։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Նշենք, որ գործը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել նախորդ տարի օգոստոսի 19-ին, սույն գործով արդեն իսկ կայացել է մի քանի դատական նիստ։
Հիշեցնենք, որ
Գյումրիի նախկին քաղաքապետից և նրան
փոխկապակցված անձանցից (որդի, դուստր, կին) դատախազությունը պահանջում է
բռնագանձել 17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց,
2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի
մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով,
ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել
և բռնագանձել։ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցությունն էլ, նկատենք,
2003-ից մինչև 2018-ը պաշտոնավարած նախկին քաղաքապետերի՝ Վարդան Ղուկասյանի
ու Սամվել Բալասանյանի կառավարման տարիներին
օտարված 24 անուն գույքը համայնքին վերադարձնելու պահանջով վարչական հայցեր է ներկայացրել դատարան։
Հայաստանի՝ մեծությամբ
երկրորդ քաղաքը 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը 2019-ից մեղադրվում է պաշտոնեական
լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման համար։ Ըստ քրեական
գործի՝ նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին պետությանն ու Գյումրիին պատկանող
անշարժ գույքի մի մասը օտարել է ինքն իրեն, մի մասը՝ եղբոր հետ հավասարաչափ բաժնետեր
հանդիսացող «Ամբերդ» ՍՊԸ-ին, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով օտարվել է իր մտերիմներին,
և դրանք ի վերջո նվիրատվության տեսքով վերադարձվել են Ղուկասյաններին։ Իրավապահները
հենց այստեղ են տեսել փողերի լվացման հանցակազմ։ Ի դեպ, Ղուկասյանի օտարած գույքի
ցանկում կան շինություններ, որոնք գտնվում են Կումայրի պատմական արգելոցի հաշվեկշռում։
Նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։
Մեղադրյալի աթոռին, նրանից բացի, նաև որդին ու եղբայրն են։ Հակակոռուպցիոն քրեական
դատարանում գտնվող սույն գործով վերջին դատական նիստն էլ կայացել է հունվարի 31-ին։
Գյումրիիի թերևս ամենաէքսցենտրիկ, կրիմինալ պատմությունների
կենտրոնում հայտնված, սկանդալներից աչք չբացած Վարդան Ղուկասյանը, որը «գուբեռնատորն» էր 1999 թվականից մինչև 2012
թվականը, մի առիթով նկատել էր՝ երեք անգամ իր սենյակում
հանգիստ նստած է «ընտրվել» ու ղեկավարել «հայրաքաղաքը»։ Վ. Ղուկասյանը նաև կուսակցական հետաքրքիր անցյալ ունի. մի ժամանակ
ՀՀԿ-ական էր, Սերժ Սարգսյանի աչքի լույսը, իսկ հետո,
երբ լքեց հայրենի ՀՀԿ-ն (գուցե ստիպողաբար), «տրանսֆեր» եղավ մեկ այլ կուսակցություն՝ ԲՀԿ, ու
2017-ին պատգամավոր դարձավ Ծառուկյանի թևի տակ
ծվարելով։ Բայց ԲՀԿ-ական այդպես էլ չդարձավ։ Մոլի
ՀՀԿ-ական նախկին քաղաքապետն, ի դեպ, անդրադառնալով իր՝ «ՀՀԿ-ական եղած վախտերին», վերջերս
նշել էր՝ «էն ժամանակ էլ որ ՀՀԿ-ական եմ եղել, իրենք են խնդրել, որ փրկեմ իրանց, որ
շատացնեմ, լավացնեմ»: Իսկ արդեն 2018-ի հեղափոխության օրերին, հիշեցնենք, Ղուկասյանը ինքնամոռաց «ճվում» էր հայտնի կարգախոսը՝ «քայլ արա,
մերժիր Սերժին»։
Գյումրեցիները
առաջիկա ընտրությունների ժամանակ տեսնես քայլ կանե՞ն, կմերժե՞ն քաղաքի «մայրիկը լացացրած»
Վարդանիկին, որն ուզում է նորից ընտրվել, որպեսզի, հավանաբար, շարունակի «լացացնելու»
կիսատ թողած գործը։
Ի դեպ, իրեն առնչվող դատական նիստերից մեկից հետո Ղուկասյանը
հայտարարել էր, թե իրեն մեղադրանք են առաջադրել, քանի որ ուզում են «վերացնել իր տեսակը»։
Վարդան Ղուկասյանն ու ևս մեկ անձ փետրվարի 20-ին
ձերբակալվել էին
ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։
Հ. Մ.