Քննարկվել են Հայաստանի և Անգոլայի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ավգուստո Դա Սիլվա Կունիայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։


Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակն ու նպատակները՝ ուղղված ոլորտի զարգացմանը, շեշտադրելով, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից տեխնոլոգիական ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ ունի գրանցած և անցյալի ավանդույթների վրա հիմնվելով ներկայում ևս լուրջ ձեռքբերումներ է արձանագրում։


Ավգուստո Դա Սիլվա Կունիան իր հերթին նշել է, որ տեղեկացված են մեր երկրի ոլորտային ձեռքբերումներով, գիտեն, որ Հայաստանը լուրջ պոտենցիալ և հաջողություններ ունի, ուստի՝ հատկապես արհեստական բանականության (ԱԲ), կադրերի պատրաստման և կրթական ծրագրերի ուղղությամբ ցանկություն ունեն համագործակցելու։ Դեսպանը ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտի առաջմղման ուղղությամբ Անգոլայի ձեռնարկած քայլերն ու աշխատանքները։  


Քննարկվել է երկու երկրների միջև համագործակցության ձևավորմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ԱԲ ուղղությամբ մասնավոր ընկերությունների միջև կապերի հաստատման հնարավորություններ։