Ստորագրվել է Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիր

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։



Արդյունքահեն վարկավորման (RBL) այս ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո, որը կուղղվի`


առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,


առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանն ու ինստիտուցիոնալացմանը,


բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,


առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,


հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,


էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը։