Վստահ եմ՝ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը. ՀՀ վարչապետը՝ Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առիթով: Ուղերձում ասված է.


«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:


Համոզված եմ, որ Ձեր կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ:


Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկկողմ միջպետական հարաբերությունները նշանավորվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմամբ։


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»: