Գյումրի և Փարաքար համայնքներում ձևավորվելու են համապատասխանաբար Գյումրիում՝ 82, Փարաքարում՝ 16 տեղամասային ընտրական հանձնաժողովներ։ Այդ մասին որոշումն ընդունվել է ԿԸՀ այսօրվա նիստի ժամանակ։
Նիստի ընթացքում բաշխվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին ՏԸՀ–ներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։
Նշվում է, որ բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Ըստ այդմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն կունենա 65–ական անդամ նախագահ և քարտուղար, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը` 27–ական նախագահ և քարտուղար, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը` 6–ական նախագահ և քարտուղար։
ՏԸՀ–ներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ կարող են ներկայացվել մարտի 10–12–ը` մինչև ժամը 18.00–ն:
«ՏԸՀ-ում կարող են ընդգրկվել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների լիցենզավորման վկայական և ընտրական իրավունք ունեցող անձինք»,– ասված է հանձնաժողովի որոշման մեջ։
Հիշեցնենք` Գյումրիում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք, Փարաքար համայնքում՝ 3 կուսակցություն և 1 դաշինք։