Սիրիայում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանությունները։ Լիբանանյան Al Nahar թերթի տեղեկություններով՝ Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբող ալավիների (կրոնական փոքրամասնություն, որը կազմում է Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում է հիմնականում երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։
Այնուամենայնիվ, սրանք
ճշգրիտ տվյալներ չեն։ Մերձավորարևելյան թեմաներով մասնագիտացած Telegram ալիքները
հայտնում են, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 10 հազարի։
Մարտի 6-ի երեկոյան Լաթաքիայում բռնկված
ալավիների ապստամբությունը հանգեցրել է ոչ միայն
կատաղի մարտերի Սիրիայի նոր իշխանությունների զինված կազմավորումների և Դիմադրության ուժերի միջև, այլև տեղի բնակչության կոտորածների՝
հիմնականում ալավիների և քրիստոնյաների (կրոնական փոքրամասնություն):
Փաբլիքներում մարտի
7-ն արդեն կնքվել է «Արյունոտ ուրբաթ» անվանումով. տասնյակ ընտանիքներ, այդ թվում՝
երեխաներ, կանայք և ծերեր, անխղճորեն սպանվել են, կոտորվել Սիրիայի նոր
կառավարությանն աջակցող զինված խմբերի կողմից։ Սոցիալական ցանցերը հեղեղված են
սիրիական ափին խաղաղ բնակիչների դեմ կատարված վայրագությունների կադրերով։