Սամվել Բալասանյանը մի օր վերադառնալու է Գյումրի, իրավական պահանջ է, ոչ սեփական ցանկություն․ Քնարիկ Հարությունյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Տևական լռությունից հետո և Գյումրու արտահերթ ընտրություններին ընդառաջ լցվել է նախկին համայնքապետ Սամվել Բալասանյանի, ինչպես ինքն է գրել, համբերության բաժակը:


Հաշվի առնելով հանգամանքը, թե հատկապես ինչ շեշտադրումներ է նա արել , հստակ ուրվագծվում է պատճառը՝ ինչի համար կամ հանուն ինչի Բալասանյանները խորհուրդ տվեցին կամ ստիպեցին իրենց թիմին հեռանալ Գյումրու կառավարումից, հանրապետության երկրորդ քաղաքը թողնելով անտեր, տանելով կոլապսի, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի:


Անկախ իր կամքից, Սամվել Բալասանյանը ի ցույց է դրել այն, ինչը թիմակիցները փորձում են թաքցնել: Բալասանյանների սեփական նեղ անձնական և զուտ շահադիտական ձգտումները «Բալասանյան դաշինք»-ը գերադասելով հանրային շահից, հաշվի չառնելով քաղաքացիների իրավունքներն ու իրենց ստանձնած պարտավորությունները, առանց որևէ մեկնաբանության հեռացավ:


Այս իրավիճակում խոսել գյումրեցու նկատմամբ ունեցած պատասխանատվությունից, մեղմ ասած, բարոյական չէ:


Այն, որ Սամվել Բալասանյանը մի օր վերադառնալու է Գյումրի, իրավական պահանջ է, ոչ սեփական ցանկություն:


Եվ վերադառնալու է հենց «Սև Բերդ» ամրոցի գործի շրջանակներում:


Իսկ այն, որ Սամվել Բալասանյանը Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին մինուս մեկ ձևաչափով մասնակցության կոչ է անում, խոսում է միայն մեկ բանի մասին. Բալասանյանը ևս այս ընտրապայքարում է: Նույն ոճով, նույն սկզբունքներով և նույն նպատակներով, ինչպես այս ընտրություններին սեփական դեմքերով չմասնակցող նախկին նախագահները: