Խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում շատ կարևոր են Եվրոպայի համար․ Նիդեռլանդների ԱԳ նախարար

Նիդեռլանդները մեծապես կարևորում է Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատումը: 


Այս մասին հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը՝ Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:


«ԵՄ-ի համար շատ կարևոր է, որ մեր հարևանությունն ապրի խաղաղության ու կայունության պայմաններում։ Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության ու բարգավաճման հաստատմամբ։ Վստահեցրել եմ նախարար Միրզոյանին, որ Նիդեռլանդները պատրաստ է աջակցել Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը՝ նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից»,- նշեց Վելդկամպը:


Նիդեռլանդների ԱԳ նախարարը խոսեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մասին․«Խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում շատ կարևոր են Եվրոպայի համար, և մենք շահագրգռված ենք խաղաղ գործընթացին աջակցելու հարցում»,- հավելեց Վելդկամպը: