Չնայած իրավիճակը Հարավային Կովկասում կարող է մեծապես կախված լինել Ուկրաինայի շուրջ զարգացող գործընթացներից, այդուհանդերձ, կան նաև հավելյալ հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում, որոնք կախված չեն Ուկրաինայի շուրջ գործընթացներից։
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով ներկայում աշխարհում և համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ դժվար է Եվրասիա մայրցամաքում գտնել այնպիսի պետություն, որը կարող է ասել, որ Ուկրաինայում կամ վերջինիս շուրջ ծավալվող իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ տվյալ երկրի վրա։
«Ըստ էության, ողջ աշխարհն այսօր կենտրոնացած է մի քանի խնդիրների վրա, և չափազանցություն չի լինի նշել, որ առաջիններից մեկը կամ առաջինը հենց Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերն են կամ դրանց շուրջ տարբեր երկրների դիրքորոշումները: Աշխարհում ոչինչ վակուումի մեջ չէ, և տարբեր խնդիրների միջև կապակցվածություն կա։ Սակայն կան նաև հավելյալ ջանքեր և հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում՝ նույնիսկ չկախված Ուկրաինայի շուրջ գործընթացներից»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարը հերթական անգամ վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է Ադրբեջանի հետ օր առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և փակել թշնամանքի էջը՝ նկատելով, որ այդ պայմանագիրը, բնականաբար, չի կարող լուծել բոլոր հարցերը, այդուհանդերձ, այն կարող է սկիզբ հանդիսանալ ամբողջական գործընթացի դրական ավարտի համար։