Գյումրիում և Փարաքարում ավագանու անդամ դառնալ հավակնողների զգալի մասը չի աշխատում․ Ո՞ր ուժն է չաշխատող թեկնածուների առումով «ռեկորդակիրը»


Գյումրիի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակներն ուսումնասիրելիս պարզվեց, որ ավագանու անդամ դառնալու հավակնություն ունեցողներից շատերը ընտրական ցուցակում ընգրկվելու պահին գործազուրկի կարգավիճակ  են ունեցել՝ չեն աշխատում։  Ավելին, չաշխատող այդ անձանցից ոմանք գլխավորել են ցուցակները՝ հավակնելով տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնին։ Մասնավորապես Գյումրի համայնքում Կոմկուսի ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը, որի վերջին բարձր պաշտոնը ԱԺ պատգամավորն էր,  ճակատագրի հեգնանքով, փաստորեն, գործազուրկ է։ Ցուցակի առաջին տասնյակում, նկատենք, յոթը չի աշխատում։ Կոմկուսը, փաստորեն, ներկայացրել է  33 հոգանոց ցուցակի, որում ընդգրկված ավագանու անդամի 16 թեկնածուները չեն աշխատում։

 

Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության 40 հոգանոց ցուցակում էլ չաշխատող ավագանու անդամի թեկնածուները  մեծ թիվ են կազմում՝ 21 հոգի։ Չեն աշխատում մասնավորապես առաջին տասնյակի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ տեղերը զբաղեցնող թեկնածուները։

 

Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի  34 հոգուց ցուցակում էլ  չի աշխատում ավագանու անդամի 12 թեկնածու։ Մասնավորապես  3-րդ, 6-րդ, 10-րդ համարները։ Մեկ այլ՝ «Մայր Հայաստան»  դաշինքի ցուցակում էլ, որը կազմված է  56 հոգուց, չի աշխատում 26-ը։ Չեն աշխատում ցուցակի առաջին տասնյակի մասնավորապես 2-րդ, 3-րդ, 6-րդ համարները։ «Ապրելու երկիր» կուսակցության  30 հոգանոց ցուցակում էլ գործազուկ է 12-ը, առաջին տասնյակի 7-րդ, 8-րդ և 10-րդ համարները։  «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ցուցակն ուսումնասիրելիս թերևս կարելի է հանգել եզրակացության՝ սույն քաղաքական ուժը պետք է «ան» նախածանցն ավելացնի իր անվանման երկրորդ բառին՝ դառնալով  «անաշխատավորական»։ 32 հոգանոց ցուցակի կեսից ավելին՝ 19 թեկնածու, չի աշխատում։ Չեն աշխատում ցուցակի մասնավորապես 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ համարները։  «Դեմոկրատական այլընտրանք»-ի դեպքում էլ է պատկերը նույնպիսին՝  23 հոգանոց ցուցակի կեսից ավելին՝  14 հոգի, գործազուրկ է։  


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ավագանու անդամների  99 թեկնածուներից էլ չի աշխատում 9-ը, «Եվրադաշինք»-ի դեպքում էլ 25 հոգանոց ցուցակից չի աշխատում 2-ը (ավագանու թեկնածուների անվան դիմաց նշված չէ որևէ աշխատավայր)։ 

 

Մյուս՝ Փարաքար համայնքում էլ չաշխատող ավագանու անդամի թեկնածուների առատություն է։  Մասնավորապս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  63 ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ է ներկայացրել, որից չի աշխատում ընդամենը 12-ը՝ առաջին տասնյակից մասնավորապես 1 թեկնածու։ «Միասնություն» դաշինք էլ, որը ձևավորել են «Ապրելու երկիր»-ն ու «Հաղթանակ»-ը, ներկայացրել է  61 հոգանոց ցուցակ, որից 36 –ը չի աշխատում։ «Ազգային առաջընթաց»-ի  24 հոգանոց ցուցակում էլ չաշխատողները զբաղեցրել են առաջին եռյակը, ընդհանուր՝ 14 հոգի չի աշխատում։

 

«Կայունության» -ն էլ ԿԸՀ է ներկայացրել 40 հոգանոց ցուցակ, որից մեկ ավագանու թեկնածու չի գրանցվել։ 39 հոգանոց ընտրական ցուցակի 25 ավագանու թեկնածուները, դատելով ԿԸՀ ներկայացված տեղեկանքից, չի աշխատում։ 

 

Նշենք, որ ըստ ՏԻՄ գործող օրենքի՝ համայնքի ավագանու անդամը իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով: Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ` 

 

1) զբաղեցնել ղեկավար պաշտոն համայնքային ենթակայության կազմակերպություններում.

 

2) աշխատել համայնքի աշխատակազմում. 

 

 

3) զբաղեցնել հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ, բացառությամբ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնների. 

 

 

4) զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը: 

 

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով։

 

Հ․Մ․