Օրերս ավարտվեց ՀՅԴ 35-րդ՝ մի քանի օր տևած Ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընդունված հայտարարության որոշ ձևակերպումներ հուշում են՝ 135-ամյա կուսակցությունը տառապում է մի անբուժելի հիվանդությամբ, որը կարելի է պայմանականորեն կոչել «ռազմահայրենասիրական արկածախնդրություն»։ Զառամյալ կուսակցությունը, փաստորեն, այդպես էլ դասեր չի քաղել սեփական և Հայաստանի պատմությունից, այլապես, հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս «մոդայիկ» բառով՝ տուրբուլենտ իրավիճակը և հանդես գալով ՀՀ պետականության և ինքնիշխանության հզորացմանն իբրև թե նպաստելու դիրքերից, չէր արձանագրի այնպիսի «ռազմավարական առաջնահերթություններ», որոնք ուղղակի սպառնալիք են նույն այդ պետականության և ինքնիշխանության համար։ Եվ մինչ ՀՀ գործող կառավարությունը փորձում է դիվանագիտական ահռելի ջանքեր գործադրելով կառավարելի դարձնել արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները և, այսպես ասած, «մեկ օրով հետաձգել» ՀՀ-ի դեմ հնարավոր ռազմական էսկալացիան՝ ՀՅԴ-ն «վա բանկ» գնալու ուղեգիծ է որդեգրում՝ խաղադրույք կատարելով ՀՀ չգոյության վրա։ Այլապես ինչպե՞ս հասկանալ սփյուռքի կառույցների ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի ունեցած համաժողովի ընդունած հայտարարության հետևյալ «ռազմավարական առաջնահերթությունները»՝ «Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով՝ արցախահայության հավաքական վերադարձի և հիմնարար մյուս իրավունքների իրացում», «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման իրավունքի հետապնդում»...
Փաստորեն, Լեռնային Ղարաբաղին պատուհասած՝
44-օրյա պատերազմով սկսված և 2023 թ. բռնի տեղահանմամբ շարունակված աղետից հետո կա
կուսակցություն, որը այնքան «ադեկվատ» է, որ բարձրացնում է «Արցախի ազատագրման» օրակարգ
ու ակնկալում համազգային համախմբում գեներացնել՝ միաժամանակ հավակնելով
ապահովել «արցախահայության հավաքական վերադարձն
ու հիմնարար իրավունքների իրացումը»։ Այս էժանագին ու միաժամանակ գերվտանգավոր պոպուլիզմը հղացած գլուխները, որոնց մեջ, ինչպես
ասացինք, կան նաև սփյուռքի ներկայացուցիչներ, իրենց հաշիվ տալի՞ս են, թե ինչպես է տեղի
ունենալու «Արցախի ազատագրումը»։ Ճիշտ այնպես, ինչպես 90-ականների՞ն՝ «ֆիդայական ջոկատներ»
կազմելով ու ազատագրական պայքարի ճակատ մեկնելո՞վ։ Արդ, ո՞ւմ կողմից են ուղարկվելու
և կռվելու այդ ջոկատները՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Սփյուռքի գաղթօջախների։ Թե՞ ՀՅԴ-ն մեծահոգաբար լռում,
բայց տողատակերում կոչ է անում ՀՀ-ին պատերազմ հայտարարել Ադրբեջանին՝ գրավելու Արցախը,
քանի որ «ազատագրում» ասվածը այլ կերպ, քան
զենքի ուժով, կանոնավոր մարտական գործողություններ մղելով հնարավոր չէ։ Եվ ուրեմն,
ՀՅԴ-ն կրելո՞ւ է հնարավոր «ազատագրական գործողությունների»
պատասխանատվությունը, մասնավորապես ՀՀ-ի պարտությունն ու կապիտուլյացիան, բառ, որն այդքան սիրում են հոլովել
ընկեր դաշնակները 44-օրյա պատերազմից հետո։
Եվ բացի սրանից, ի՞նչ է հասկանում ՀՅԴ-ն արցախահայության «հիմնարար իրավունքների իրացում»
ասելով, որոնք, փաստորեն, պետք է իրացվեն Արցախն ազատագրելուց և արցախցիների՝ հավաքական
վերադարձից հետո։ ՀՅԴ-ն պարտավոր է անկեղծ
լինել արցախահայության հետ և մինչև «վերջին խազը» մանրամասնել իր պատկերացումները՝
փույթ չէ, որ այս սցենարի իրագործմանը նույնիսկ
ամենառոմանտիկ դաշնակցականը չի հավատում։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային
ճանաչման գործընթացին, ապա խիստ կզարմանայինք, որ Ցեղասպանության հարցը «սեփականաշնորհած»
և այն քաղաքական լինելիության կապիտալի վերածած ՀՅԴ-ն դա զանց առած լիներ իր առաջնահերթություններից։
Բայցևայնպես, ինչպե՞ս է 2025 թվականի մարտի դրությամբ առկա աշխարհաքաղաքական իրադրության
պայմաններում ՀՅԴ-ն պատկերացնում «հատուցման
իրավունքի հետապնդումը»։ «Հատուցում» ասվածը ի՞նչ տեսքով է լինելու՝ հողայի՞ն, փողայի՞ն,
թե՞ հատուցման մարդկությանն անհայտ՝ ունիկալ, այն է՝ «հեղափոխադաշնակցական» պատկերացմամբ։
Ի դեպ, «մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը և հայկական ինքնության պահպանումը» ՀՅԴ Ընդհանուր ժողովը հիշյալ հայտարարության մեջ
հռչակել է «ռազմավարական նպատակ» և հայտարարել «պայքարի վճռական հանգրվանի մասին»։
Այս ձևակերպումը՝ «մրցունակ, նոր որակի ազգային
պետության կառուցում», չափազանց անհանգստացնող է և նույնպես պարզաբանման կարիք ունի։ Արդ, այդ պետությունը պետք է արդեն եղած պետության՝ Հայաստանի
Հանրապետության փոխարե՞ն կառուցվի՝ համապատասխանելով ՀՅԴ-ի իմացած «որակի նոր ստանդարտներին»,
թե՞ ՀՅԴ-ն պլանավորում է իշխանության գալու դեպքում «ֆորմատ անել» ՀՀ-ն՝ պետության
ձևը համապատասխանեցնելով իր ճաշակին ու նախասիրություններին։ Նկատենք, որ
հայտարարության մեջ շարադրված մեկ այլ «ռազմավարական
առաջնահերթություն» էլ այսպես է շարադրված. «Հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կերտում՝ Անկախության հռչակագրի տառին և ոգուն համապատասխան»։ Անկախության հռչակագրին արված
հղումն ու «նոր որակի ազգային» պետության կառուցումն արդյոք ենթադրո՞ւմ են Անկախության
հռչակագրի «տառի» և «ոգու» իրագործում, այն է՝ «1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն
խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման» իրագործում։ Այս հարցին
ՀՅԴ-ն, որը տարիներ շարունակ եղել է իշխանության մեջ և գեթ մեկ անգամ չի հիշել Հռչակագրի հիշյալ «տառի» մասին, թերևս կպատասխանի Արցախը երկրորդ անգամ «ազատագրելուց» հետո։
Ի դեպ, երբ ՀՅԴ-ն խոսում է նոր պետության,
այն էլ՝ ազգային, կառուցման, Ցեղասպանության ճանաչման և հատուցման մասին, հիշում ենք երիտթուրքերի հետ վերջինիս համագործակցությունը,
Ցեղասպանության ուրացումը մինչև 1965 թվականը, Առաջին Հանրապետության հռչակումն ու
անկումը... և հատկապես՝ Հովհաննես Քաջազնունու այս «դիագնոզը», որը 100 և ավելի տարի անց էլ չի կորցրել իր այժմեականությունը.
«Հայաստանն ու հայ ժողովուրդը հում նյութ չեն ՀՅ Դաշնակցությունն ապրեցնելու համար:
Անորակելի ոճիր կլիներ, եթե մենք մի վայրկյան անգամ թույլ տայինք մեզ վարվել այնպես,
ինչպես կվարվեր (գիտակցորեն, թե անգիտակցորեն) կուսակցական ֆանատիզմով բռնկված հիվանդը:
...Հ.Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս, ոչ ներկայումս, ոչ ապագայում. նա վերջ
պիտի դնի իր գոյության»։
Հ. Մ.