Պատմության դասերը պետք է ծառայեցնենք այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական շահերին. ինչ է ընդգծել վարչապետը

Ցանկացած երկիր պետք է իր պատմության հետ առնչվի։


Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Չեմ կարծում՝ այս առումով ես կամ ՀՀ-ն օրիգինալ ենք, մենք միշտ էլ մեր պատմության հետ առնչվում ենք, բայց կարևոր է արձանագրել, թե որտեղ, ինչպես և ինչ նպատակով օգտագործել այն գիտելիքը, որ մեզ տալիս է պատմությունը, կարևոր է նաև տեսնել և ընկալել այն ուղերձները, որ տալիս է պատմությունը։


Արտահայտություն կա, որ պատմությունից պետք է դասեր քաղել․ պատմության մեջ հետևությունը չկա, այսինքն՝ քաղաքական ընտրության և ընկալման հարց է՝ ինչ դաս քաղել և ինչպես ընկալել պատմությունը և ինչպես օգտվել պատմությունից, սա շատ կարևոր է, օգտվել պատմությունից որպես գիտելիքի աղբյուր, այսօրվա և ապագայի մասին իմացության աղբյուր, որպես այսօրը և ապագան կառուցելու նախագծի համար գիտելիքի և ինֆորմացիայի աղբյուր, թե ապրել պատմությունը: Սա քաղաքական ընտրության հարց է։ Ցանկացած միջավայրում, երբ խոսենք պատմության և պատմությունից քաղվող դասերի մասին, միշտ վեճ կլինի, որովհետև յուրաքանչյուրը պատմությունը կընկալի իր քաղաքական տեսանկյունից, նույնիսկ նույն հանրության ներսում»,- ասել է վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ պատմության մասին հաճախ է խոսում և իր հիմնական ուղերձը հետևյալն է.


«Եվ ՀՀ-ում, և Սփյուռքի մեր հայրենակիցների հետ խոսելիս իմ ուղերձը հետևյալն է՝ պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել, և չի կարելի պատմությունը և այսօրը ընկալել նույն կերպ: Չի կարելի ապագայի և պատմության մեջ սահմաններ չունենալ, որովհետև ապագան ոչ թե պատմության հայելային արտահայտությունը պետք է լինի, այլ ապագան հնարավորություն է ավելի լավը դարձնել պատմության այն էջերը, որը ուզում ենք ավելի լավը դարձնել:


Իմ ընկալումն այն է, որ պատմության մեր դասերը մենք պետք է ծառայեցնենք այսօրվա մեր Հայաստանի Հանրապետության պետական շահերին և ապագայի շահերին: Խոսքը պատմությունը փոխելու կամ հերքելու մասին չէ, այլ պատմության՝ մեր կիրառական ընկալումը փոխելու մասին է»,- ասել է վարչապետը: