ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց կարևոր հանգրվան» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: «Տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է: Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված «միջանցքի» մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա․ «Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում: Մեր մոտեցումն ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, և փոփոխություններ չի կրել: Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը»,- ասաց Միրզոյանը:
Նախարարը նաև նշեց, որ հայկական կողմը կառուցողական, երկուստեք ընդունելի առաջարկ է ներկայացրել ադրբեջանական կողմին:
«Այդ առաջարկը հետևյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ամբողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանազատման գործընթացը՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացք: Բայց ինչպես նախկինում, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են: Ավելի պարզ և ուղիղ ասեմ՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են և գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո ու օրենսդրությանը համապատասխան»,- հավելեց Միրզոյանը: