Լիլիթ Գալստյանին առաջարկում ենք թողնել Сivic.am-ի «պադվալի» «ուբոռկան» ու զբաղվել ՀՅԴ-ի «պադվալներում» ծնվող շրջաբերականներով

ՀՅԴ «004»  սկանդալային շրջաբերականի թեման  ոչ մի կերպ փակել չի հաջողվում։ Եվ այն հերթական անգամ, հանգամանքների բերումով, բացվեց նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տեղի ունեցած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ, որի ընթացքում զեկույցով հանդես եկավ ու ներկա պատգամավորների հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Երբ քննարկմանը ներկա «Հայաստան» խմբակցության անդամները, մասնավորապես՝ ՀՅԴ-ական, հավատարիմ իրենց քնարին, ոճին, խոսույթին, «խասյաթին» և մնացած առանձնահատկություններին, նորից սկսեցին մտնել անկախականի, պետականասերի, հայրենամեռի, ազգապաշտի, գերիադարդով տառապողի և, վերջապես,  հայաստանափրկչի դերի մեջ ու խաչաձև, օվալաձև, քառակուսի, մեկումեջ էլ՝ տձև հարցադրումներով նսեմացնել, կասկածի տակ դնել, զրոյացնել  ՀՀ արտաքին քաղաքականությունն ու  հարևաններից եկող սպառնալիքները կառավարելու ուղղությամբ գործադրված ահռելի ջանքերը, բանավեճը գնաց, սահուն կերպով նորից հանգեց սկանդալային շրջաբերականին։  Այդ փաստաթուղթը,  հիշեցնենք, 2022-ին ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ ընդունված և ՀՅԴ շարքերին ուղղված փաստաթուղթ է, որի իսկությունը ՀՅԴ-ականների մի մասը հաստատում է՝ մեղադրելով այն գաղտնազերծողներին դրա որոշ դրույթներ խեղաթյուրված ներկայացնելու մեջ, մի մասն էլ  երդում է ուտում, թե չկա,  չի եղել ու չէր կարող լինել նման շրջաբերական։ Այն, ուշադրություն, հորինվել է  Сivic.am-ի պադվալներում։ Փաստորեն,  «դուխով»  ՀՅԴ-ն, որը հավակնում է իշխանության գալու պարագայում Ալիևին ծնկի բերել՝ նրա կողմից ՀՀ-ին «պարտադրվող  զիջումներին» ասելով «նյետ»,  որի «դուխավատ» եղած (օծանելիքը չարաշահած) ներկայացուցիչներից մեկը կամերաների առաջ  «դուխ» բառի հետ կապված բառախաղ էր անում՝ արձագանքելով  ԱԳ նախարարի ասածներին, այդպես էլ «դուխ» չի անում կանգնել ու հայտարարել՝ սիրելի ժողովուրդ, այո, կա՛ նման շրջաբերական, ինչ գրել ենք դրանում, հավատալով ու համոզմունքով ենք գրել։ Դե, կասկածի տակ ենք դրել ՀՀ-ի անկախությունը՝ համարելով այն սակարկման առարկա՝ նայած հանգամանքներին։ Ինչ արած, խասյաթ ա, փոխել չենք կարողանում։  


Եվ ուրեմն, Արարատ Միրզոյանը, Լիլիթ Գալստյանի հարցին ի արձագանք,   հիշեցնելով սույն շրջաբերականի մասին, նկատեց. «Էս է ձեր տեսլականը, որ չլինի Հայաստանի Հանրապետություն, լինի գուբերնիա, էդ անգամ մետրոպոլիան ինչ կորոշի կտրել Հայաստանից...»։ Նախարարի խոսքը շաքարով, կներեք՝ իր դառը ճղճղոցով կտրեց շրջաբերականի գոյության փաստը մի քանի անգամ հերքած, ազնիվ ու նվիրյալ ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը և մեղադրեց կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրելու մեջ։ Փաստորեն։ Միրզոյանն էլ շարունակեց՝ նկատելով՝ «զարմանալի չէ, որ սրա վրա աժիոտաժն առաջացավ», ապա վերահաստատեց քիչ առաջ ասածը՝ «ձեր տեսլականը հետևյալն է՝ ՀՀ-ն, որպես անկախ, ինքնիշխան պետություն, պիտի գոյություն չունենա,  պիտի լինի գուբերնիա, ինչը արել եք արդեն մի անգամ՝ 100 տարի առաջ, նորից ուզում եք նույնն անել, որոշները ազնիվ մղումներով, բայց ես խորը կասկածներ ունեմ, որ էդ քաղաքական ուժը կամ որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրերը ներկայացնելիս, իրենց առօրյա գործունեությունն իրականացնելիս ելնում են ՀՀ շահերից, մտահոգ են ՀՀ անկախության և ինքնիշխանության համար»։


«Տակ չմնացած» Լիլիթ Գալստյանն էլ, միացնելով իր դառը ձայնը, վրա բերեց. «Պարոն Միրզոյան, ըստ էության, լինելով մի քաղաքական ուժի ներկայացուցիչ և խայտառակ դիվանագիտական պարտություններ արձանագրած արտաքին գործերի նախարարը անկախությունը մերժելու մեջ դրժում է տեսնել մի քաղաքական ուժի, որը անկախություն ա կերտել։ Մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի 7-ամյա քաղաքական կենսագրությունը կամ հետագիծը աղետներով, հայրենազրկումով, ցեղասպանությամբ, բռնի տեղահանություններով, 5 հազար մեր որդիների արյամբ ա շաղախված, հանկարծ դուք ձեզ թույլ եք տալիս բարոյականության բոլոր կարմիր գծերը հատել և մեղադրել Դաշնակցությա՞նը։ Եվ ես զարմանում եմ, որ արտգործնախարարը նաև Сivic-ի պադվալներից ա օգտվում, պադվալներ, որտեղ ծնվել են կեղծ շրջաբերականները։ Անհարմար ա։ Եթե դուք էդ պատրաստվածությամբ եք մտնում դիվանագիտական բանակցությունների մեջ, ուղղակի կարելի է կարեկցել ՀՀ-ին... Ես հասկանում եմ, որ բարոյականությունն ու քաղաքականությունն իրարից էդքան հեռու են, բայց չի կարելի հանրահռչակել էդ մտքերը, դուք քնելուց առաջ մտածեք, թե պատմությունը ինչ ա դաջելու ձեր ճակատին»։  ԱԳ նախարարը լուսավորեց տիկին դաշնակցականին՝ նշելով, որ ինքն օգտվում է բացառապես ՀՀ ԱԳՆ-ի շենքի «պադվալ-գարաժից», իսկ խնդրո առարկա շրջաբերականը, որի մասին լսելիս ՀՅԴ-ն այսահարվում է,  ի հայտ է եկել ՀՅԴ-ի «պադվալներից»։ Միրզոյանը նաև առաջարկեց Գալստյանին ՀՅԴ-ի «անկախական» կերպարի մասին պատկերացում կազմելու համար վերհիշել, թե ինչպես էր իրեն հայ ավանդական կուսակցությունը դրսևորում 1988, 1990, 1991 թվականներին, երբ Խորհրդային Հայաստանում անկախության գործընթաց էր սկսվել։ «Եթե խոսակցությունը ժամանակային առումով այդքան ընդլայնում ենք և, օրինակ, գնում ենք առաջին հանրապետություն, կրկին ինձ մի լսեք, կարդացեք... Սիմոն Վրացյանին չե՞ք սիրում, մի կարդացեք Վրացյանին, Քաջազնունի կարդացեք, կարդացեք  1919-ի երկրորդ կեսից սկսած ՀՅԴ առաջնորդների դիրքորոշումները։ Հրապարակային էլ  է, է՜, վստահ եմ, իրենք էլ են կարդացել...»։  Միրզոյանը նկատեց նաև, որ այո, այն արհավիրքը, որը տեղի է ունեցել, դրա սերմերը ցանվել են ամենասկզբում, դա ցեմենտվել է, բետոնվել է այն քաղաքականության պատճառով, որը վարվել է ձեր կամ ձերոնց օրոք։ «Էս էն հարցն էր, որը վաղուց պետք է լուծված լիներ, ձերոնց կողմից, ձերոնց հաջորդների կողմից, չգիտեմ՝ ձերոնցից են, թե չէ, ձերոնցից առաջների կողմից, մերոնց կողմից։ Չի լուծվել, եղել է այն, ինչ եղել է, մենք առաջարկում ենք, համոզված ենք, որ էս է ճանապարհը, էս է լուծումը»։


Թեև Արարատ Միրզոյանի հորդորը՝ վերհիշել ՀՅԴ-ի դիրքավորումը 1988-1991 թվականներին,  կարդալ ՀՅԴ-ի գաղափարական հայրերին, ուղղված էր կուսակցության անդամ պատգամավորներին, բայցևայնպես մենք էլ օգտվենք առիթից  և ընթերցողին հիշեցնենք ՀՅԴ-ի «անկախական» կերպարը՝ մասնավորապես «ճակատին դաջվածքներով»։  Եվ ուրեմն, 1988 թվականի սեպտեմբերի 29-ին սփյուռքյան երեք կուսակցությունները՝ այդ թվում ՀՅԴ-ն,  համատեղ հայտարարություն տարածեցին Ղարաբաղյան շարժման դեմ և ի պաշտպանություն խորհրդային իշխանության։ Երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները բանտարկվեցին, այդ շրջանում ՀՅԴ-ն  պասիվ կեցվածք ընդունեց, այն դեպքում, երբ ողջ աշխարհն էր պահանջում Կոմիտեի ազատ արձակումը։  ՀՅԴ-ն այնուհետ  բուռն քարոզչական պայքար սկսեց  նախ անկախության գաղափարի, ապա այդ ուղղությամբ ձեռնարկված գործնական քայլերի դեմ՝ ընդհուպ մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն։ Ապաև  հրաժարվեց Հայաստանի առաջին ժողովրդավար իշխանության կողմից առաջարկված նախարարական պորտֆելներից։ Հետագայում էլ, երբ տեղի էր ունենում Արցախյան առաջին պատերազմը, պատերազմող երկրի նախագահին ոչ միայն սուր ընդդիմություն դարձավ, այլև պատերազմական պայմաններում ներքին կայունության խաթարմանն ուղղված  ջանքեր և  հանցավոր գործողություններ իրականացրեց։ Ի դեպ, այս շրջանում սկսվեց ՀՅԴ-ի մտավորական մասի արտահոսքը, իսկ նրանք, ովքեր հանդես եկան Հայաստանի նոր իշխանության պաշտպանությամբ, վտարվեցին կուսակցությունից։ Ի դեպ, հենց այս շրջանում էլ տեղի ունեցավ ՀՅԴ-ի երկփեղկվածությունը, մի պրոցես, որը շարունակվում է նաև այսօր, և ՀՅԴ վերնախավի կողմից թելադրվող քաղաքական գծին ընդդիմացողները ամբաստանվում են ամենախիստ ոճով։ Հարկ է նկատել,  որ այս հանգամանքը՝ ՀՅԴ-ի ներքին գաղջ խոհանոցը, նույնպես արձանագրված է խնդրո առարկա շրջաբերականում։ 


Գնանք ավելի հետ՝ 1918 թվական, մայիս։ ՀՅԴ-ի՝ այդ օրերի «սև գործերի» «հատընտիրը» դեռ երկու տասնամյակ առաջ գեղարվեստորեն շարադրել է ՀՀՇ վարչության անդամ, երջանկահիշատակ Երջանիկ Աբգարյանը՝ մասնավորապես նկատելով. «Այս ինքնասիրահարված պինգվինի ուղեղով կուսակցության քաղաքական հաշվարկները միշտ հիմնավորում են ընդամենը մեկ վարիանտ»: 


«- Արդյոք ովքե՞ր էին, ի՞նչ կտրիճներ էին, որ 1918թ. մայիսին թույլ տվեցին թուրքերին մոտենալ Հայաստանի մայրաքաղաքի դարպասներին: Մասիսը վկա՝ դաշնակներն էին: Եվ երբ իր ազգային առաջնորդների տհասությունից հուսալքված ժողովուրդն ու զինվորականությունը փառավորեցին Սարդարապատը հերոսամարտով, դաշնակները, ձգտելով նսեմացնել այդ հաղթանակը, այն անվանեցին նոր Ավարայր: Եվ ոչ պատահական: Հերոսամարտը արդյունքում պետք է փոխարինվեր բարոյական հաղթանակի տեսլականով: Հերոսամարտից մի քանի օր անց արդեն դա իրողություն էր: Բաթումում դաշնակները թուրքերի հետ ձևավորեցին մինչ այդ շրջանառության մեջ մտցված անհասկանալի «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, այն տեղադրելով Երևանի և նրա շրջակայքի վրա՝ 10 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում: Երևանի բնակիչներն իրենց լուսամուտներից անզեն աչքերով արդեն ի վիճակի էին գնահատել իրենց հերոսամարտի արդյունքը՝ քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող պետական սահմանը և այնտեղ տեղադրված թուրքական հրանոթները: Այսպիսով, թեկուզ Թալեաթի ողորմածությամբ, հայկական պետականությունը փյունիկի պես հառնեց Հայաստանի տարածքի մոտ 1/35 մասի վրա: Այո, Թալեաթի ողորմածությամբ, որովհետև նա կարողացավ զսպել այն քյալլագյոզ Էնվերին, որը Վեհիբ փաշային ուզում էր հրամայել վերցնել Երևանը և վերացնել «Հայաստան» հասկացությունն ընդհանրապես: Հին ընկերները չեն դավաճանում, այլ իրար ընդառաջում են:


- Այդ ի՞նչ միֆ է, ի՞նչ մայիսի 28: Հայաստանի անկախության մասին հռչակագիր դաշնակները չեն ընդունել ոչ այդ օրը և ոչ էլ դրանից հետո: Վրացիները հռչակագիր ընդունել են, ադրբեջանցիները՝ նույնպես, դաշնակները՝ ոչ: Մի ինչ-որ օտար քաղաքում այդ ժամանակներում սնկի պես աճած «Ազգային խորհուրդներից» ինչ-որ մեկի կողմից մի ինչ-որ փաստաթուղթ է ընդունվել այն մասին, որով ինքը իրեն հայտարարում էր ինչ-որ «հայկական գավառների» գերագույն և միակ իշխանություն: Եվ վերջ: Անկախության կամ պետական կազմավորման մասին ոչ մի խոսք: Գերագույն և միակ իշխանությունը «անկախություն» բառից խուսափում էր կամ դա ստիպված քարշ էր տալիս՝ հույս ունենալով ակամայից իր ուսերին հայտնված պատասխանատվությունը հարմար ժամանակ բարդել ուրիշների վրա: Բայց Դենիկինը դեռ ուշանում էր և ի դժբախտություն դաշնակների՝ այդպես էլ չեկավ:


- Ադրբեջանի խորհրդայնացումից հետո այդ ի՞նչ մի քաղաքական հանճար էր պահանջվում, որ դաշնակները կարողանային հասկանալ՝ բոլշևիկների դեմ պայքարն այլևս անհեռանկարային և կործանարար է: Ադրբեջանը Այսրկովկասի բանալին է ռուսների համար, և պատահական չէ, որ այսօր էլ նրանք ձգտում են այստեղ իրենց հարաբերությունները կարգավորել առաջին հերթին ադրբեջանցիների հետ: Ադրբեջանում ազդեցության ապահովումը նշանակում է դրա տարածում ամբողջ Հարավային Կովկասի վրա: Որովհետև հայ ռուսամետների ջանքերով ռուսները միշտ էլ համարել են, որ Հայաստանն իրենց գրպանում է, և այս դեպքում միայնակ մնացած Վրաստանին խեղդելը, ինչպես 1921թ. եղավ, ընդամենը տեխնիկական հարց է: Կարելի էր, չէ՞, 1920թ. մայիսին ընդհանուր լեզու գտնել բոլշևիկների հետ գոնե տարածքային հարցերում հնարավոր առավել ընդունելի պայմաններով իշխանությունը նրանց հանձնելու համար: Ուրիշների շնորհիվ մի 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք դեռ մեր ձեռքում էր, և գոնե դա կմնար: Բայց ո՞նց, առանց Տրապիզոնի Հայաստան չկա, Ազգերի լիգա, մանդատ, Վիլսոն, Սևր, վեց վիլայեթ: Իսկ որ անգլիական նավերն արդեն հրաժարվում էին բարձրանալ հայկական լեռները, որ դեռ գործում էր Մոնրոյի դեկլարացիան, որ համաշխարհային հեղափոխությունը շուռ էր եկել դեպի Արևելք, որ տարիներ շարունակ երկիրը նվում էր սովից ու համաճարակից, հարևանների հետ անընդմեջ գզվռտոցից, ներքին խառնակություններից: Որն ասես, որը թողնես: Սեփական ժողովրդի դեմ նույնպես մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում...»:



Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի իդեոլոգների մտքի արգասիքներին, ապա դրանց անդրադարձել ենք նախկինում, առաջարկում ենք վերընթերցել, չէ՞ որ  «կրկնությունը գիտության մայրն է»։  Բայց Աստված մի արասցե, որ ՀՀ-ն ականատեսը լինի ՀՅԴ-ի իմացած «գիտության»  կրկնությանը։


Հ. Մանուկյան