Եվ այսպես, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին, որ 13-րդ խմբագրմամբ Խաղաղության համաձայնագիրը ամբողջությամբ համաձայնեցված է, և արձագանքը չուշացավ։ Աշխարհաքաղաքական փոթորիկի այս պայմաններում, երբ երբեմնի ամենակայուն, ամենաերկար ռազմավարական հեռանկարով երկրների համար անգամ անորոշությունը դառնում է առօրյա, Հայաստանը կարողացավ որոշակիություն բերել իր և տարածաշրջանի համար։
Այն, որ այս հանգրվանը Հայաստանի որոշումն է եղել ապացուցվում է միայն այն փաստով, որ Ադրբեջանը շտապեց հայտարարել, որ պետք չի շտապել խաղաղության համաձայնագրի հարցում և հրապարակային խոսույթում առաջ քաշեց բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կարող են հետաձգել այս հանգրվանը։
«Ուշադրության պատուհանի» այնպիսի սղության պայմաններում, ինչպիսին այսօր է աշխարհում, Հայաստանը կարողացել է բոլոր կարևոր դերակատարների ուշադրությունը հրավիրել ի՛ր օրակարգի շուրջ։
Այն, որ այս հանգրվանը Հայաստանի որոշումն է եղել, ապացուցվում է միայն այն փաստով, որ Ադրբեջանը շտապեց հայտարարել, որ պետք չի շտապել խաղաղության համաձայնագրի հարցում և հրապարակային խոսույթում առաջ քաշեց բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կարող են հետաձգել այս հանգրվանը։
Հայաստանի կառավարությունը նախաձեռնողականություն է ցուցաբերել կառավարել գլոբալ ռիսկերի անորոշությունը։ Ողջամտությունը հուշում է, որ Հայաստանյան քաղաքական շրջանակները պետք է ողջունեին Հայաստանի կառավարության այս մոտեցումը` գործընթացը վերցնել իր ձեռքը և կառավարել իր շուրջն օրեցօր աճող ռիսկերը։
Պատահական չէ, որ ՄԱԿ անդամ շուրջ 5 տասնյակ երկրներ, բազմաթիվ վերպետական կառույցներ ողջունեցին այս համաձայնությունը։ ՀԱՊԿ-ից մինչև ՆԱՏՕ, Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան, Եվրոպական երկրներից մինչև Ռուսաստան․ կարծես թե կա բացառիկ աշխարհաքաղաքական կոնսենսուս անկայուն աշխարհի այս կայունության փոքրիկ կետի շուրջ։ Խոստովանենք, որ սա բացառիկ իրավիճակ է մեզ համար․ սովորաբար հակառակն է եղել։
Այսպիսով, Հայաստանի կառավարության առաջարկի շուրջ կա բացառիկ աշխարհաքաղաքական կոնսենսուս` վերպետական կառույցներից մինչև տարածաշրջանային կարևոր կենտրոններ, գլոբալ գերտերություններից մինչև անմիջական հարևաններ, արևմուտքից մինչև արևելք։
Իսկ ովքե՞ր են հայտնվել այս կոնսենսուսի մյուս կողմում․ Ադրբեջանը, որը ցանկանում է հնարավորինս շատ խոչընդոտներ ստեղծել համաձայնագրի ստորագրման համար կամ գոնե հետաձգել այն, և հայաստանյան ընդդիմությունը։ Եթե Ադրբեջանի համար խաղաղության դեմ «փաստարկը» Հայաստանի Սահմանադրությունն է, ապա ընդդիմության համար այդ փաստարկը «նոր զիջումներն» են։ Սակայն այստեղ էական այն է, որ այս երկու դերակատարների նպատակը նույնանում է․ հնարավորինս հետաձգել Խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս պարագայում ընդդիմությունը կարող է չխորշել և ինքն էլ օգտվել Ադրբեջանի «փաստարկներից», օրինակ, կարող է պահանջել, որ Հայաստանի կառավարությունը չստորագրի Խաղաղության համաձայնագիրը մինչև սահմանադրական հանրաքվե չանցկացնի. իսկ ի՞նչ կա որ։
Միջազգային կառույցների ու տարբեր երկրների հայտարարություններում կարմիր թելով անցնում է հնարավորինս «սեղմ ժամկետներում» համաձայնագիրը ստորագրելու կոչը։ Իսկ ո՞ւմ են ուղղված այս կոչերը։ Ակնհայտ է՝ ոչ Հայաստանին։ Որովհետև Հայաստանը չէ՛, որ արհեստական խոչընդոտներ է ստեղծում արդենիսկ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու համար։
Հայաստանի իշխանությունները քաղաքական առաջնորդություն են ստանձնել․ վերջ տալ տասնամյակներ ձգվող ու գնալով մեծացող անորոշությանը և հասնել որոշակի կայունության։ Ադրբեջանը, որը ձգձգում է գործընթացը, և մեր ընդդիմությունը, որը դեմ է համաձայնագրին, արդյոք նույն ցանկությունը չունե՞ն՝ շարունակել անորոշությունը։
Ի՞նչ է առաջարկում հայստանյան ընդդիմությունը իշխանափոխությունից բացի։ Դադարեցնե՞լ ջանքեր գործադրել կոնֆլիկտի վերջնական լուծման ուղղությամբ, արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել խաղաղության այս հնարավորությունը բաց թողնելու համար։ Եթե այո, ապա նրանք պարտավոր են բարձրաձայն և պատասխանատու կերպով հայտարարել այդ մասին։ «Մի դուռ, մի լույս կբացվի»-ն մարտավարություն չէ, «ժամանակ շահենք, ուժեղանանք»-ը մարտավարություն չէ։ Այս մարտավարություններն իրենց սնանկությունը ցույց են տվել նախորդ տասնամյակներում․ ոչ մի դուռ, ոչ մի լույս չի բացվել,
մենք ժամանակը ոչ թե շահել, այլ կորցրել ենք։
Խաղաղության ընդդիմախոսների թեզերի սնանկությունը նույնիսկ մատնանշելու կարիք չկա. բավական է լսել գոնե մեկ հարցազրույց` հասկանալու համար, որ խաղաղության ընդդիմախոսների խոսքը ծայրից ծայր լեցուն է հակասություններով։
Խաղաղության ընդդիմախոսները փորձում են ներկայացնել գործընթացը իբրև հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա ազդելու գործիք. «Ադրբեջանը օգնում է Հայաստանի իշխանություններին վերարտադրվել՝ համաձայնելով այս փաստաթղթին», ասում են նրանք և ապա շարունակում․ «Ադրբեջանի պահանջները չեն դադարելու»։ Եվ հարմարավետ տաղավարներում ավելի շուտ քաղաքական գործիչ, քան լրագրող հիշեցնող նրանց զրուցավարի մոտ հարց չի առաջանում․ «Եթե Ադրբեջանը ուզում է օգնել ներկայիս իշխանություններին, ինչու՞ է շարունակաբար նոր պահանջներ առաջադրում»։
«Այս փաստաթղթում ամեն ինչ զիջումների մասին է»,-պնդում են խաղաղության ընդդիմախոսները և ապա ավելացնում․ «ոչ մի կարևոր հարց այս փաստաթղթով չի լուծվում, բոլոր կարևոր հարցերը դուրս են մնացել պայմանագրից», և նույն զրուցավարի մոտ հարց չի առաջանում․ «Եթե փաստաթուղթը ոչինչ չի լուծում, ապա ինչո՞ւ են մտահոգված, որ այն «ամեն ինչ զիջելու մասին է»։
«Այս փաստաթուղթը միայն Ադրբեջանին է ձեռնտու»,-աղաղակում են նրանք և ապա ավելացնում․ «Ադրբեջանը չի ստորագրելու այս համաձայնագիրը մինչև չստանա այն, ինչ պահանջում է», և դարձյալ օդում կախված է մնում հարցը․ «ինչո՞ւ է Ադրբեջանը հապաղում ստորագրել մի փաստաթուղթ, որը միայն իրեն է ձեռնտու»։
«Եթե Ալիևը ուզենա հարձակվել,
այս թղթի կտո՞րն է նրան խանգարելու»,-հարցադրում են խաղաղության ընդդիմախոսները՝ սպառնալով
հայ ժողովրդին պատերազմով, և ապա հավելում․ «Նիկոլ Փաշինյանը այս
փաստաթղթով փակում է հարցը ոչ միայն իր, այլ նաև հաջորդ սերունդների համար»՝ այդպես
էլ չտալով այն հարցի պատասխանը, թե հիմա սա «թղթի կտո՞ր է», թե՞ «հարցը փակելու», այն
է՝ կոնֆլիկտը լուծելու փաստաթուղթ։
Խաղաղության ընդդիմախոսները առաջարկում են նախապայմաններ առաջադրել Ադրբեջանի իշխանությունների առջև` հրաժարվել ստորագրել փաստաթուղթը մինչև Ադրբեջանը չվերադարձնի բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց։ Քաղաքական մտքի կատարյալ սնանկություն է պետք` չհասկանալու համար, որ սա հենց Ադրբեջանի օրակարգի սպասարկումն է։ Ես ներողություն եմ խնդրում խաղաղության ընդդիմախոսներին քաղաքական մտքի սնանկության մեջ մեղադրելու համար, այլապես ստիպված կլինեմ այստեղ դավադրություն և Ադրբեջանի օրակարգերի սպասարկում տեսնել։
Հայաստանը սկսի նախապայմաննե՞ր առաջ քաշել մի պայմաններում, երբ դժվարությամբ կարողացել է միջազգային ուշադրություն հրավիրել իր օրակարգի վրա` հստակ ընդգծումով` հնարավորինս արագ ստորագրել։ Սա լո՞ւրջ է։
Խաղաղության ընդդիմախոսները առաջարկում են գտնել «արդյունավետ բանակցող»՝ պնդելով, որ կոմպրոմիսների գնացող բանակցությունները անարդյունավետ են։ Ըստ երևույթին ընդդիմության՝ բանակցությունների արդյունավետությունը չափվում է մերժումների քանակով և իրագործելի կամ անիրագործելի նախապայմաններ առաջ քաշելով. որքան շատ առաջարկ մերժի բանակցողը, այնքան նա ավելի արդյունավետ է, որքան շատ նախապայմաններ առաջ քաշի բանակցողը, այնքան ավելի արդյունավետ է նա։ Եվ այս դեպքում բոլորովին կարևոր չէ բովանդակությունը, թե ինչն է մերժվում կամ ինչ նախապայման է առաջ քաշվում. կարևորը վերջնարդյունքի չհասնելն է։
Խաղաղության ընդդիմախոսները պնդում են, որ Խաղաղության համաձայնագրով Հայաստանը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, և ապա հատ-հատ` մատները ծալելով, թվարկում այն բոլոր պահանջները, որոնք խաղաղության համաձայնագրից դուրս առաջ է քաշում ադրբեջանը․ անհնար է, որ այս երկու պնդումները միաժամանակ ճիշտ լինեն։
Իսկ ամենակարևոր բանը, որ չեն կարողանում նկատել խաղաղության ընդդիմախոսները, ժամանակն է․ ընդդիմախոսների մտածողության մեջ ժամանակը չի հոսում, այլ ստատիկ կանգնած է մի կետում։ Աշխարհաքաղաքական վերադասավորումների այս պահին չափազանց կարևոր է, որ Հայաստանը լինի կոնկրետ, ունենա դիրքորոշում, մոտեցում, հստակություն։ Մեր «նվնվոցներն» ու «մուննաթները» արդյունավետ գործիքներ չեն։ Մենք՝ որպես ինքնուրույն երկիր, պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր երկրի ապագայի համար։ Մենք պետք է կոնկրետ լինենք, եթե ուզում ենք, որ մեր օրակարգը աջակցություն ստանա։
Եվ մի բան էլ․ տպավորություն է, որ խաղաղության ընդդիմախոսների բառապաշարում «արժանապատվությունը» նույնանում է պատասխանատվությունից խուսափելու հետ։ Մեր ընկալմամբ իրական արժանապատվությունը պահանջում է նաև որոշումներ կայացնելու պատասխանատվություն։
Նախորդ սերունդների քաղաքական գործիչների «արժանապատվության» արդյունքները հատուցեցին 2000-ականներին ծնվածները, էլ քա՞նի սերունդ պետք է այդ «արժանապատվության» գինը վճարի։ Ոչ մի առանձին վերցրած քաղաքական առաջնորդի արժանապատվություն ինքնին արժեք չէ, եթե այն չի համադրվելու որոշումներ կայացնելու պատասխանատվության հետ։ Անպատասխանատվությունը քաղաքական մոտեցում չէ։ Որոշումների կայացումը հետաձգելը քաղաքական գործունեություն չէ։ Քաղաքական գործիչները ընտրվում են առաջնորդելու, որոշումներ կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու, ոչ թե «ժամանակ ձգելու» համար։
Հայաստանի ժողովուրդը ներկայիս կառավարությանն է պատվիրակել այս բարդագույն խնդրի լուծումը, և Հայաստանի կառավարությունը պարզապես պարտավոր է հնարավոր ամեն բան անել կոնֆլիկտի հանգուցալուծման համար, ինչ էլ որ ասելու լինեն խաղաղության ընդդիմախոսները` ի դեմս Ադրբեջանի և հայաստանյան տիտղոսակիր ընդդիմության։
Արմինե Հարությունյան