Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է դատարանի վճռին՝ կապված սահմանի ապօրինի հատման հետ։
Սաակաշվիլիի խոսքով, որը մեջբերում է Sova լրատվական
պորտալը, նախկին նախագահը վտանգավոր է «Վրացական երազանքի» համար «ինչպես բանտում,
այնպես էլ եթե նա մահացած լինի», քանի որ «ազատության գաղափարը, Սաակաշվիլիի ոգին հնարավոր
չէ սպանել»։
Վրաստանի նախկին նախագահը վրացական դատական համակարգը
անվանել է «Իվանիշվիլիի ռուսական անարդարության կոմբինատ», որը նրան դատապարտել է
«ոչնչացման, բանտում ֆիզիկական բնաջնջման»։
Սաակաշվիլին հայտարարել է, որ «Ազգային շարժման»
փիլիսոփայությունը միշտ եղել է ուժեղ Վրաստանը, ուժեղ քաղաքացիները, կրթությունը, պաշտպանությունը,
և եթե կուսակցությունը 2012 թվականին չպարտվեր, ապա Վրաստանը «շատ ավելի լավ երկիր
կլիներ, քան այսօր»։
Նրա կարծիքով՝ նման դատավճիռ արձակելով՝
իշխանությունները որոշել են վախեցնել վրաց ժողովրդին ու նրա կողմնակիցներին։
Սաակաշվիլին պնդում է, որ դատարանի այդ որոշումը սպառնալիք է նաև Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին։ «Նրանք փորձում են սպառնալից ուղերձ հղել
նախագահ Զելենսկուն՝ հայտնելով նրան, որ իրեն սպասում է նույն ճակատագիրը, եթե նա
չհանձնի Ուկրաինան։ Ինձ հատկապես ցինիկաբար դատապարտում և ոչնչացնում են նրա
համար, որ 2008 թվականին երկիրը չհանձնեցի... Նրա համար, որ ես խիզախեցի և
Վրաստանը հաջողակ պետության վերածեցի։ Նրա համար, որ ես ոչնչացրի կոռուպցիան։ Նրա
համար, որ ես պայքարեցի հանուն ժողովրդի, ոչ թե իմ գրպանի համար։ …Ես նրանց համար
վտանգավոր եմ բանտում և վտանգավոր կլինեմ նաև մահացած, քանի որ իմ անունը հավերժ
կապված է ազատության և բարության համար մղվող պայքարի հետ: Մենք պայքարում ենք, և
պետք է պայքարենք, այլ ելք չկա»,- հայտարարել է Սաակաշվիլին։
Նշենք, որ Վրաստանի դատարանը ևս 4.5 տարվա
ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ այս անգամ
սահմանը 2021-ին ապօրինի հատելու համար