«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող, «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհավորել է Արթուր Նահապետյանին` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի մրցույթում հաղթելու կապակցությամբ:
«Մենք արեցինք ամենը, որ այդ մրցույթը լինի արդար, և խորհուրդը, կառավարությունն ու հանրությունը փաստահեն պատկերացումներ կազմեն թեկնածուների անձնական որակների և բարեվարքության մասին:
Նշեմ, որ Արթուր Նահապետյանի մասով մի շարք ստուգողական միջոցառումներ ենք արել (բարեկամների ունեցվածքից մինչև այն, թե ինչ մեքենայով է գնում աշխատանքի), որոնց արդյունքում եկել ենք այն համոզման, որ իր բարեվարքությունը կասկածի տակ դնելու հիմքեր չունենք:
Հավատացած ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի անկախության վրա չեն անրադառնա Արթուր Նահապետյանի սերտ կապերը՝ Քննչական կոմիտեի ու ԱԱԾ-ի հետ: Տարբեր համակարգերում արտանյալներ աճեցնելու ԱԱԾ-ական ավանդույթը պետք է հակազդեցության արժանանա Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» մտադիր է շարունակել աջակցել Հակակոռուպցիոն կոմիտեի կայացմանը, այդ թվում՝ մասնակցելով կառույցի բոլոր օպերլիազորների ու քննիչների ընդունելությանն ու ատեստացիային, ինչպես նաև հանրության հետ համագործակցելու արգելապատնեշների վերացման հարցում»,- գրել է Իոաննիսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ որոշում է կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը: