«Օպերացիա»՝ «Տրոյական ձի»․ Գյումրին պետք է մերժի «առնետներին»

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ մեկ շաբաթ էլ չկա, ինչ մեկնարկել է, սակայն արդեն իսկ հայտնի են  ֆավորիտները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար  Սարիկ Մինասյան, որը, արդեն հայտնել ենք, հայաստանյան հեղինակավոր սոցիոլոգիական ընկերություններից մեկի անցկացրած հարցման տվյալներով՝ վայելում է գյումրեցիների 45,6 տոկոսի վստահությունը։ Մինասյանին 20 տոկոսով զիջում է  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ իր 20,3 տոկոս հանրային վստահությամբ։  Զարմանալի զուգադիպությամբ, նկատենք, ՔՊ-ն քվեաթերթիկի առաջին համարն է, Կոմկուսը՝ երկրորդ։   

 

Այս տոկոսները հուշում են, որ գյումրեցիները  արդեն իսկ կողմնորոշված են այն հարցում, թե ում են մտադիր վստահել համայնքի կառավարումը հետագա տարիներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի թեկնածուն բարձր լեգիտիմություն ունի՝ գյումրեցիների շրջանում իրականացված «փրայմերիզի» արդյունքներով է նախ ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, ապա գլխավորել ընտրական ցուցակը և հասցրել է իր պաշտոնավարման ավելի քան երեք ամիսների ընթացքում վաստակել համայնքի բնակիչների սիմպատիան։ Ամենակարևոր առանձնահատկությունը, որը տարբերում է ՔՊ-ի թեկնածուին մյուսներից, այն է, որ նա ընտրապայքարի մեջ է մտել աշխատելու, համայնքին ծառայելու նորարարական ծրագրով, այսինքն՝ կառուցողական ուղերձով։ Մինչդեռ մյուս թեկնածուներն իրենց «տերերի» թելադրանքով քաղաքական պայքարի մեջ են մտել ծայրահեղ բացասական, ապակառուցողական «настрой»-ով և կենտրոնացած են ոչ այնքան քաղաքը կառուցելու, բարեկարգելու, շենացնելու մասին  ծրագրային ասելիքի, որքան մեկ նպատակի իրագործման շուրջ՝ օգտագործել գյումրեցիներին՝ բավարարելու իրենց  կապրիզը, այն է՝ «ապամոնտաժել» ՔՊ-ի իշխանությունը և, ինչպես հոխորտում էր թեկնածուներից մեկը՝ «Գյումրիից հեղափոխությունը սկսած  ու իշխանությունը վերցրած Փաշինյանին  Գյումրիով էլ  վռնդել»։  Հեռացնել, քանդելը,  ապամոնտաժելը դրական ուղերձներ չեն և, ինչպես փորձն է ցույց տալիս, չեն կարող դրական էներգիա գեներացնել այդ լոզունգներով առաջնորդվողների շուրջ, առավել ևս՝ հանգեցնել վերջիններիս նպատակների իրագործմանը։ Այնպես որ, Գյումրիում պետք է հաղթի պոզիտիվն  ու կառուցողականը, «շենացնելը», այլ  ոչ թե «ապամոնտաժելը»։   

 

Դառնանք Վարդան Ղուկասյանի հանրային վստահության ցուցիչի ֆենոմենին։  Հարցված գյումրեցիների ճնշող մեծամասնությունը ՀՀ նախկին նախագահների կողմից հովանավորվող թեկնածուներից, փաստորեն, «չարյաց փոքրագույն» է դիտարկել նախկին սկանդալային քաղաքապետին, իսկ մնացածի հանդեպ՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյան, գործարար Կարեն Սիմոնյան,  բավարար վստահություն չի տածում՝ վերջիններիս քաղաքի ղեկավարումը հանձնելու համար։ Արդ, ի՞նչն է հակել  20 տոկոս գյումրեցիներին նման որոշման, մի խումբ մարդիկ, որոնց ընտրությունը, փաստորեն, կանգ է առել իր կառավարման տարիներին կրիմինալ պատմություններից աչք չբացած, գործող իշխանության օրոք քրեական հետապնդման ենթարկվող (համապատասխան քրեական գործը դեռ 2023-ին է Հակակոռուպցիոն դատարան ուղարկվել), ապօրինի ծագում ունեցող գույքի գործով պատասխանող (ընտանյոք հանդերձ) հանդիսացող,  էքսցենտրիկ  կերպարով Վարդան Ղուկասյանի վրա։

 

Սոցիոլոգիան, ավելի ստույգ՝ գյումրեցիների շրջանում իրականացված անկեղծ զրույցները այս հարցերի պատասխանն էլ են ուրվագծել։ Ըստ այդմ՝ գործ ունենք, այսպես ասած, «փորձված թանի» վտանգավոր կարծրատիպի հետ, այն է՝ Ղուկասյանը քաղաքի կառավարման պրակտիկա ունի, «ճիշտ է՝ հեչ էլ դրական չի էդ պրակտիկան, եթե չասենք՝ բացասական է,  բայց դե... խեղճ Վարդանիկն ի՞նչ աներ, անում էր էն, ինչը վերևից էին թելադրում՝ Ռոբերտն ու Սերժը։ Ինքը քանի՞ գլխանի էր, որ մի բան աներ առանց շեֆության «ադաբրյամս»-ի, առանց տեղյակ պահելու, առանց վերևներին «մուծվելու», առանց էն մնացած այլևայլությունների։ Վարդանիկն արել է էն, ինչ ասել են իրեն քաղաքապետ դառնալ թույլ տվողները։ Բայց եկավ մի պահ՝ 2012-ին, որ Սերժը, դժգոհ մնալով Վարդանիկի մատուցած «ծառայությունների» որակից, «քցեց»  նրան՝  հալածեց, ստորացրեց, ուղարկեց թոշակի, տեղը բերեց ժամանակին ճակատին ՕԵԿ գրած, հետո էդ գիրը «լաքահանիչ» նյութով մաքրած, ԲՀԿ մտած Սամվել Բալասանյանին։  Վարդանիկին Սերժն ու նրա նախկինը չեն թողել նորմալ աշխատի։  Բայց քանի որ ՔՊ-ն է հիմա իշխանության, խոսքի, կամքի, գործողությունների աննախադեպ ազատություն է,  համայնքապետերը այլևս վերևների «ժոստկի նաժիմի» տակ չեն՝ ինչպես նախկինների օրոք, Վարդանիկը ընտրվելու դեպքում կարող է լավ աշխատել, էն նախկինում արած ղալաթները չկրկնել...»։  Իմաստուն, բայց  դյուրահավատ գյումրեցիները, սակայն, հաշվի չեն առնում մի կարևոր հանգամանք՝ այն, թե  ով է Վարդան Ղուկասյանին մտցրել  ընտրապայքարի մեջ, այն նույն նախկին ռեժիմը՝ ի մասնավորի Սերժ Սարգսյանը, որը կարող է հանուն քաղաքական այսրոպեական շահի՝ Նիկոլ Փաշինյանին «համայնք առ համայնք» իշխանությունից հեռացնելու, շատ բաներ «քարի տակ դնել»՝ հին վեճերը, խռովությունները, գժտությունները... Կարճ ասած՝ լիզել իր թքածը՝ հանուն իր մտածած պլանը գլուխ բերելու։ Եվ ուրեմն, Վարդան Ղուկասյանը  ընտրապայքարի մեջ է մտել հենց այդ սուբյեկտի ցուցումով, ընտրվելու դեպքում էլ քաղաքը կառավարելու է հին՝ արդեն ծանոթ ձեռագրով, այսինքն՝  հրահանգավորվելու է Սերժ Սարգսյանի կողմից։ Հետևապես  գյումրեցիները Վարդան Ղուկասյանին վերադառնալու շանս տալով՝ շանս են տալիս  նախկին ռեժիմի պարագլխի վերադարձին։ Այն պարագլխի, որը, հիշեցնենք, 2013-ին բացահայտեց , թե ինչ տրյուկ է կիրառում իշխանությունը շարունակաբար  բռնազավթած պահելու համար՝  ինչքան ուզում, էդքան էլ խփում է՝ խորապես թքած ունենալով ընտրողի կամքի վրա։  «...Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80, 70 թե 60։ Էդ ա, ինչքան ուզես, էդքան խփենք»,- գյումրեցիներին ծաղրում էր  նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 2013-ի համապետական ընտրությունների ժամանակ։ Նա, ի դեպ,  Գյումրիում  ընտրությունների արդյունքներով 16 հազար 405 ձայն էր «խփել», իսկ նրա մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 42 հազար  41։  Խայտառակություն։ Ասում են՝ հենց այս փաստին առերեսվելուց հետո Սերժ Սարգսյանը սկսեց... ատել գյումրեցիներին։

      

«Օպերացիա»՝ «Տրոյական ձի»

 

Դառնանք նախկին ռեժիմի հովանավորյալ մյուս թեկնածուներին՝ Ռուբեն Մխիթարյանին, Մարտուն Գրիգորյանին, Կարեն Սիմոնյանին, որոնք, ըստ հարցման տվյալների, ունեն  3.6, 5.1, 3.9 տոկոս հանրային աջակցություն։ Այս թեկնածուները «Տրոյական ձիու» առաքելություն կարող են ունենալ, սցենար, որն էլ փորձում է գլուխ բերել նախկին ռեժիմը՝ ավագանու կազմ անցնելու պարագայում կոալիցիա կազմել ու վերցնել  քաղաքային իշխանությունը։ Ճիշտ այնպես, ինչպես  Երևանի 2023 թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ը  և «Հանրային ձայն»-ը փորձում էին կոալիցիա ձևավորել, սակայն քաղաքապետի պաշտոնի թեկնածուի շուրջ ի հայտ եկած տարաձայնությունները, ավելի ճիշտ՝ որոշ թեկնածուների անառողջ ամբիցիաները պատճառ դարձան պլանի ձախողման։  


Հարց է ծագում՝ արդյոք մայրաքաղաքում  ձախողված պլանը Գյումրիում հնարավոր կլինի՞ գլուխ բերել, ասենք՝ 5,1 տոկոս հանրային վստահություն ունեցող Մարտուն Գրիգորյանը,  հետևելով շեֆի՝ Սերժ Սարգսյանի հորդորին, որոշի նախկին քաղաքապետի հետ ունեցած  խռովությունը դնել  «քարի տակ» ու միանալ նրան։ Այս պահին, նկատենք, Գրիգորյանի շտաբում հակված են  կոալիցիայի մասին խոսակցությունները թողնել հետագային։ Օրերս էլ Գրիգորյանն իր հարցազրույցում նշել էր, որ ընտրապայքարի մեջ է մտել ոչ թե ինչ-որ մեկի՝ մասնավորապես Վարդան Ղուկասյանի հետ միանալու և կամ կոալիցիա կազմելու, այլ՝ հաղթելու մտադրությամբ։ Ինչ վերաբերում է Ռուբեն Մխիթարյանին, ապա վերջինս դեռ շաբաթներ առաջ, երբ ազդարարեց ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին, հատուկ շեշտել էր՝ կոմպլեքսներ չունի միանալու որևէ ընդդիմադիր թեկնածուի, իսկ այ ՔՊ-ի հետ միանալը բացառում է։ Վերջինիս խոսնակն, ի դեպ, նախօրեին վերահաստատել է թեկնածուի այս մտադրությունը՝ չբացառելով Ղուկասյանին միանալու հեռանկարը։


Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի թիմակից Անդրանիկ Թևանյանի կուրացիայի ներքո գտնվող «Մայր Հայաստան» դաշինքին, որի ցուցակի առաջին համարը՝ Կարեն Սիմոնյանը, ըստ հարցման արդյունքների,  3,9 տոկոս հանրային վստահություն ունի, ապա հաշվի առնելով Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան վերջին շրջանի կոշտ դիմակայությունը՝ դժվար է պատկերացնել հիշյալ դաշինքի միանալը «սերժական» որևէ թեկնածուի։  Օրերս, մինչդեռ,  Անդրանիկ Թևանյանը «Երկիր մեդիա»-ի տաղավարում նախ նշել է, որ ընտրությունների երեք ֆավորիտները ՔՊ-ն, Վարդան Ղուկասյանն ու «Մայր Հայաստան»-ն են, ապա, պատասխանելով հարցին՝ արդյոք պատրա՞ստ են կոալիցիա կազմել ընտրությունների արդյունքներից հետո, նշել է. «Այն թեկնածուները, որոնք դրածո չեն և դիրքավորվել են ընդդիմադիր դաշտում, պետք է հայտարարեն, որ որևէ պարագայում չեն համագործակցելու ՔՊ-ի հետ։ Էս պարագայում մենք ունենք հետևյալ սկզբունքները՝ միմյանց դեմ չաշխատել, չքարոզել և առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ թեկուզ մեկ ձայն ավելի է հավաքում, ապա մնացածները պետք է պարտավորված լինեն իրենց քվեն տալ, միանալ, որպեսզի իշխանազրկվի «Քաղաքացիական պայմանագիրը»։ Եվ առանձին սկզբունք էլ ենք հայտարարել և հուսանք՝ մյուսներն էլ կհայտարարեն, որ՝ ցանկացած ուժ, որը ավելի շատ կհավաքի, կստանա քաղաքապետարանի գործադիր իշխանությունը միանձնյա կառավարելու հնարավորություն։ Այսինքն՝ մենք չենք ընդունում պաշտոնների առևտուրը, որը պետք է լինի»։ Թևանյանն ասել կուզի՝  էս գլխից իմացեք՝ եթե մենք՝ «Մայր Հայաստան»-ը,  անհրաժեշտ  առավելագույն ձայները հավաքեցինք, ընդդիմություն համարվող որևէ ուժի հետ կոալիցիա չենք պատրաստվում կազմել։

 

Հ.Գ. Երկու խոսք էլ նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի  բանեցրած նախընտրական տակտիկայի մասին. Ղուկասյանի  խրոխտ ելույթներում առկայծող վախերը, ընդհուպ՝ սուիցիդալ մտքերը, հուշում են, որ վերջինս այս պահին մեկ խնդիր է փորձում լուծել՝ քաղաքական պայքարը տրանսֆորմացնել արտադատական ինքնապաշտպանության,  իր կողմից 13 տարի կառավարված  գյումրեցիների առաջ մաքրելու սեփական անունը,  թե՝ ես մաքուր, զուլալ, շիտակ, ճերմակ փետուրներով, եթերային,  աստվածավախ մարդ եմ,   ինձ գող ու ավազակ լինելու մեջ կասկածելը մեղք է, բա եթե գող էի ու ավազակ, ինչո՞ւ այսքան տարի Սերժն ու Ռոբերտը ինձ բռնել չտվեցին, գույքս էլ չառան ձեռքիցս... Ես մաքուր եմ, Նիկոլ Փաշինյանն է  «շառ անում վրես»։ Գյումրեցիները, հուսանք,  իրենց ականջներից «լապշա կախել» փորձողներին, հատկապես 13 տարվա աշխատանքային փորձ ունեցող,  ընտրությունների օրը ցույց կտան իրենց իսկական տեղը։ 


 Հ. Մ.