ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։


 

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

 


Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։


 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։


 

Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։