Խոսքը ոչ թե ակտի, այլ քրեականացված գործողության մասին է. Ռուբեն Մխիթարյանի ինքնախոստովանությունը

Ռուբեն Մխիթարյանը, որը 2019 թվականին բավական հանդիսավոր կերպով հայտարարեց «Արմենիա» հեռուստաընկերությունում երկարամյա աշխատանքը դադարեցնելու և Գյումրի վերադառնալու մասին, հիմա Գյումրիի քաղաքապետի թեկնածու է։ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերը, հովանավորյալը, պարզվում է, սեր ունի ոչ միայն սկանդալային հայտարարություններ (նա «Քաղաքացիական պայմանագրին» սատարողներին, ըստ էության, թուրք ու ադրբեջանցի էր անվանել) անելու հետ, այլև՝ ճանապարհային երթևեկության կանոնները հաճախակի խախտելու։ Այնքան, որ այդ վարքագիծը կարելի է  հավասարեցնել համակեցության կանոնները խախտելուն, իրեն հասարակությունից ավելի արտոնյալ դասելուն: Համաձայնեք, վարորդների փոքր տոկոսն է, որ հաջողացնում է տարվա ընթացքում սպառել հատկացված 9 բալը։ Առավել ևս, եթե տաքսի չես վարում կամ առաքիչ չես։  


Եվ ահա, այսօր Մխիթարյանի խոսնակը լալահառաչ կերպով գուժում է, թե՝ հասեք, Ռուբեն Մխիթարյանը քննիչի հրահանգով դադարեցնում է քարոզարշավն ու ուղևորվում Երևան՝ Քննչական կոմիտե։ Իրականում ընդամենը շարահյուսական հնարքի էին դիմել։ Քննիչը հրահանգել էր հարցաքննության գնալ, ոչ թե քարոզարշավը դադարեցնել։ Բայց անցնենք առաջ։ Ոստիկանության շենքի առջև ուղիղ եթերով «քաղհալածյալ» Ռուբեն Մխիթարյանը խոստովանեց, որ 2023 թվականի դեկտեմբերին զրկվել է մեքենա վարելու իրավունքից՝ «շատ հայկական՝ բալերը սպառվելու պատճառով»։ 6 ամսով, այսինքն՝ մինչև 2024 թվականի հունիս նա զրկված է եղել վարելու իրավունքից։ Իսկ ըստ Քննչական կոմիտեի՝ Մխիթարյանին կոմիտե հրավիրել են 2024 թվականի մայիսին վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում մեքենա վարելու համար։

  

Դեպքի առթիվ դեռևս նախորդ տարի Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


«Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան: Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- հաղորդել է Քննչական կոմիտեն:


Ռուբեն Մխիթարյանը, իմանալով, որ ինքը զրկված է վարորդական իրավունքից, այնուամենայնիվ մեքենա է վարել, ինչը ՀՀ-ում քրեականացված է։ Դա քրեական հանցագործություն է։ Քաղաքապետի թեկնածուի կարգավիճակը որևէ մեկին իրավասություն չի տալիս հանցանք գործելու, ոչ էլ ջրում է նախկին հանցանքները։


Հիմա Ռուբեն Մխիթարյանը փորձում է ներկայացնել, իբր ճանապարհային երթևեկության ինչ-որ խախտման՝ ակտի համար նրան Քննչական կոմիտե են կանչել, ու փորձում է քաղհալածյալ հռչակվել։ Իրականում խոսքը ոչ թե ակտի, այլ՝ ՀՀ-ում քրեականացված գործողության մասին է։


Ի դեպ, Քննչականից պարզաբանել են նաև, որ քննիչը անգամ չի իմացել, թե ում հետ է խոսում։ Դա է վկայում նաև Ռուբեն Մխիթարյանի տարածած տեսահոլովակը, որում նա խոսում է քննիչի հետ։