Արմավիրի Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող չորս քաղաքական միավորների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամները, ըստ օրենքի պահանջի, ներկայացրել են իրենց հայտարարագրերը։ Քվեաթերթիկում առաջին համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 1984 թ. ծնված Լյուդվիգ Գյուլնազարյանը երեք անշարժ գույք է հայտարարագրել՝ երկու բնակելի տուն Փարաքար համայնքում, որոնցից մեկը նրան պատկանում է սեփականության իրավունքով, մյուսը՝ համատեղ սեփականությամբ, և մեկ տնամերձ հողամաս, որը թեկնածուին է պատկանում սեփականության իրավունքով։
Գյուլնազարյանը որևէ շարժական գույք՝ տրանսպորտային
միջոց, չի հայտարարագրել, դրամական միջոցներն էլ հայտարարագիրը ներկայացնելու օրվա
դրությամբ կազմել են 1 մլն 200 հազար դրամ։ Թեկնածուի եկամտի միակ աղբյուրը Փարաքարի
համայնքապետարանից ստացած աշխատավարձն է եղել՝ 6 մլն 113 հազար 510 ՀՀ դրամ։
Ոչ մի տեղ չաշխատող, «Միասնություն» կուսակցությունների
դաշինքի («Ապրելու երկիր» և «Հաղթանակ») առաջին համար, 1983 թ. ծնված Վոլոդյա
Գրիգորյանն էլ 10 անշարժ գույք է հայտարարագրել՝ 9 հողամաս, որոնցից 6-ը՝ Արմավիրի
Մերձավան համայնքում։ Նրան սեփականության իրավունքով պատկանող հողամասերից երեքն էլ Երևանում են գտնվում՝ Հաղթանակ թաղամասում, որտեղ
թեկնածուն սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ այլ գույք՝ մեկ անավարտ կիսակառույց
շինություն ունի։ Գրիգորյանը որպես շարժական
գույք հայտարարագրել է 2019 թ.
արտադրության LEXUX
LX 570 ավտոմեքենա՝ միանձնյա
սեփականությամբ։ Գրիգորյանի դրամական միջոցները նույնպես տպավոիչ են՝ 40 մլն դրամ։
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող,
ոչ մի տեղ չաշխատող, ավագանու նախկին անդամ, համայնքի նախկին ղեկավար (նա հրաժարականի
դիմում էր ներկայացրել 2024թ. մայիսին՝ մոտ 2,5 տարի համայնքը ղեկավարելուց հետո)
1987 թ. ծնված Դավիթ
Մինասյանն էլ երկու անշարժ գույք է հայտարարագրել՝ մեկ տնամերձ, մեկ վարելահող, որոնք
Արմավիրում են գտնվում և թեկնածուին են պատկանում սեփականության
իրավունքով։ Մինասյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող 1 տրանսպորտային միջոց՝
2006 թ. արտադրության
Mersedes E 350 է հայտարարագրել և անհայտ չափի դրամական միջոցներ՝ հայտարարագրի համապատասխան
տողում լրացնելով միայն արժույթը՝ ՀՀ դրամ։ Նշենք, որ 2023թ. հոկտեմբերից Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության
դատարանում քննվում է քրեական գործ, ըոտ որի՝ Դ. Մինասյանը մեղադրվում է մի խումբ
անձանց կողմից խուլիգանական արարք կատարելու համար:
Նախկին ՀՀԿ-ական, սփյուռքի նախարարության աշխատակազմի
նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն» կուսակցության ընտրական ցուցակի
առաջին համարն էլ՝ 1991 թ.
ծնված
Գոռ Սարիբեկյանը, «Համայնքների
իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ (նա Դավիթ
Մինասյանի՝ համայնքի ղեկավար ընտրվելուց հետո նշանակվեց համայնքի ղեկավարի տեղակալ՝
պաշտոնավարելով մինչև 2024թ. հուլիս), Փարաքար
համայնքում գտնվող 700 ք/մ մակերեսով, իրեն միանձնյա սեփականության իրավունքով պատկանող հողամաս
է հայտարարագրել, ինչպես նաև հողին ամրակայված երկու անշարժ գույք, որոնցից մեկը
(1800 ք/մ) ընդհանուր բաժնային սեփականություն է, մյուսը (670 ք/մ)՝ միանձնյա։
Սարիբեկյանը սեփականության իրավունքով պատկանող 1998 թ.
1 JEEP GRAND CHEROKEE 4.01 է հայտարարագրել։
Որպես թանկարժեք գույք թեկնածուն հայտարարագրել է նաև արժեքավոր քարեր, որոնք, սակայն,
ըստ հայտարարագրի նշման՝ գնահատված չեն։ Սույն թեկնածուի եկամուտը գոյացել է Փարաքարի
աշխատակազմից ստացած 4 մլն 670 հազար 698 դրամ
աշխատավարձից և որպես «այլ
եկամուտ»՝ Լիա Սարիբեկյանից ստացած 3500 դոլարից։
Նշենք, որ կուսակցությունների հայտարարագրերը նույնպես
հրապարակվել են ԿԸՀ կայքում։ Դատելով դրանցից՝ ընտրություններին մասնակցող քաղաքական
միավորներից մի քանիսն ընդհանրապես ոչ գույք ունեն, ոչ էլ ֆինանսական միջոցներ։ Որոշ
քաղաքական ուժեր էլ ֆինանսական սոլիդ մուտքեր են ունեցել։
Մասնավորապես ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի
երբեմնի խորհրդական, Երևանի Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ»-ը
2024-ի մարտի 3-ից մինչև 2025-ի մարտի 3-ը ոչ մի անշարժ, շարժական, թանկարժեք գույքի չի տիրապետել, չի ունեցել
նաև դրամական միջոցներ և եկամուտներ։ Կարճ
ասած՝ հայտարարագրում «զրոյական» վիճակ է։ Իսկ
այ «Ապրելու
երկիր»-ը, որը դաշինք է կազմել «Հաղթանակ»-ի
հետ, որպես դրամական
միջոց 10 մլն 76 հազար 905 դրամ է հայտարարագրել, որպես եկամուտ՝ 22 մլն 784 հազար
600 ՀՀ դրամ, որն ստացել է որպես նվիրատվություն, և 12 մլն ՀՀ դրամ՝ որպես վարկ։
«Ազգային առաջընթաց»-ի
հայտարարագիրը նույնպես «աղքատ»
է՝ ընդամենը 10 հազար դրամ դրամական
միջոց է հայտարարագրել, կուսակցությունը չունի ոչ շարժական, ոչ անշարժ գույք, չի ունեցել
նաև եկամուտներ։
2021 թվականին
պետական գրանցում ստացած «Կայունություն» կուսակցության դեպքում նույնպես գործ ունենք
անգույք, անփող, անեկամուտ ուժի հետ՝ փաստորեն, հայտարարագիրը ներկայացնելու օրվա՝
մարտի 15-ի դրությամբ սույն կուսակցությունը
անգամ անդամավճարներից գոյացած գումար չի ունեցել իր բյուջեում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարագրում էլ որպես դրամական
միջոց նշված է ավելի քան 1 մլն դրամ։ Կուսակցության
եկամուտները գոյացել են անդամավճարներից՝ 104
մլն 313 հազար 275 դրամ, նվիրատվություններից՝
159 մլն 462 հազար դրամ, և
10 հազար 984 եվրո, որպես պետական աջակցություն ստացած 200 մլն
966 հազար 940 դրամից և շարժական գույքի վաճառքից
ստացած 4 մլն 656 հազար դրամից։ Կուսակցությունը
որևէ անշարժ, շարժական, թանկարժեք գույք չի հայտարարագրել։
Հեղինե Մանուկյան