Թուրքիայում գիշերը բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Երթերի ու հանրահավաքների մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ինչպես նաև թուրքական կառավարության հրաժարականը։
Նրանք վանկարկել են
«Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք», «Իրավունք, օրենք, արդարություն», «Կառավարությանը՝
հրաժարական» կարգախոսներ։
Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, Ստամբուլում ակտիվիստներից
մեկը պատռել է Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը հենց բողոքի
ակցիայի ժամանակ։ Իսկ Էսքիշեհիրում ցուցարարները կազմակերպել էին թուրք ազգայնականների առաջնորդ և Էրդողանի կողմնակից Դևլեթ
Բահչելիի խորհրդանշական հուղարկավորությունը։
Ընդդիմության տվյալներով՝ միայն Ստամբուլում
փողոց է դուրս եկել մոտ մեկ միլիոն մարդ՝ չնայած իշխանությունները մինչև
մարտի 27-ը երկարաձգել էին Ստամբուլում ցանկացած հավաքի արգելքը։
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը Էքրեմ
Իմամօղլուին հայտարարել է նախագահի
թեկնածու:
Գիշերը Թուրքիայի շատ
քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են բախումների ոստիկանության հետ, որն
օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ոստիկանները ոտքերով և մահակներով
ծեծի են ենթարկել ցուցարարներին: Դատելով սոցիալական ցանցերում հրապարակված
կադրերից՝ ուժայինները ձերբակալել են բազմաթիվ ցուցարարների ամբողջ երկրում։