Մարտի 30-ին գյումրեցին Վարդանիկի ճակատին կդաջի իր հնչեցրած հայհոյանքները՝ քվեի տեսքով․ Պալյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հետ զրուցել ենք Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքներից ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալվածների մասին։


Նա նշեց, որ ծանոթացել է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեսագրությանը և խիստ մտահոգված է, որովհետև այդ ձայնագրությունը լսելուց հետո ինքն իր համար վերահաստատել է, որ ընտրապայքարի մեջ հայտնված մարդիկ ժողովրդավարության դեմ ոտնձգություններ են կատարում, որովհետև փորձել քաղաքացու ձայնը գնել ընտրակաշառքով կամ սպառնալիքներով, դա ուղիղ հարված է ժողովրդավարությանը, որի հիմքերն ու ամրապնդումն իրենք սկսել են 2018-ից ի վեր մինչ օրս։


«Որևէ ընտրություն չի եղել, որ ընտրություններից հետո իշխանություններին մեղադրեն նմանատիպ արատավոր բարքերի մեջ, ու այո, դա մեր իշխանության ձեռքբերումն է։ Ես ինքս խիստ դատապարտում եմ, և իրավական համակարգի տիրությում է բնականաբար այս գործը։ Խնդրում եմ, որ ամենայն պատասխանատվությամբ և ամենայն լրջությամբ վերաբերվեն, որպեսզի այդ արատավոր քայլերը կատարող անձինք անպայման պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, ու բացի դրանից, պիտի իրենք արժանանան հասարակական պարսավանքի, որովհետև, բացի իրավական գնահատականից, ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ նմանատիպ խայտառակ քայլերին տրվի նաև քաղաքացու կողմից գնահատական։ Ու ես կարծում եմ, որ մարտի 30-ին, ընդամենը օրեր անց, էդ գնահատականը տրվելու է, որովհետև գյումրեցին չի վաճառվում, գյումրեցու ձայնը չի վաճառվում, և գյումրեցի երեխաների ապագան չի վաճառվում»,- ասաց պատգամավորը։       


Խոսելով նաև համացանցում տարածված Գյումրու համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ նա գյումրեցիների հասցեին հնչեցրել էր հայհոյանքներ ու սպառնալիքներ, պատգամավորն ասաց. «Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, երեկ տեսակետ հայտնեց ձայնագրության մեջ, հետո արդեն իր ելույթի ժամանակ շատ հպարտ դեմքով հայտարարեց, որ էլ ինչ Գյումրիի համայնքապետ, եթե չի հայհոյում. ես ուղղակի նողկանք ապրեցի։ Միայն մի բան կարող եմ ասել. մարտի 30-ին գյումրեցին այդ նույն հայհոյանքները կդաջի իր ճակատին՝ քվեի տեսքով, իր վստահության քվեն տալով ՔՊ-ին, և Վարդանիկին ու իր նմաններին կուղարկի համապատասխան վայրեր»,- նշեց պատգամավորը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան