7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մյանմայում. Բանգկոկում երկնաքեր է փլուզվել

Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալները։


Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագայն քաղաքից 16 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ Մանդալայ քաղաքից (Մյանմայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է) ոչ հեռու:


Ստորգետնյա ցնցումները զգացվել են Չինաստանում և Թաիլանդում։ Սոցցանցերում կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են մարդկանց տարհանում Բանգկոկի շենքերից: Ստորգետնյա ցնցումների պատճառով ջուրը դուրս է թափվում տանիքի լողավազաններից:


Սոցցանցերում լայնորեն տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Թաիլանդի մայրաքաղաքում կառուցվող երկնաքերը երկրաշարժի ժամանակ փլուզվում: Լուրը հրապարակելու պահին տեսանյութը ստուգված չէր։ Տասնյակ աշխատողներ մնացել են փլուզված շենքում, հաղորդում է AFP-ն: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։