Այսօր լռության օր է, և Գյումրիում, և Փարաքարում մարտի 30-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններից մեկ օր առաջ, ինչպես նաև ընտրությունների օրն արգելվում է քարոզչության իրականացումը։ Մինչդեռ օրենքի այդ խստագույն պահանջը, ինչպես երևում է, չի ազդում «սրբազան պայքար» կոչեցյալ շարժման կազմկոմիտեի և դրա քարոզչական ռեսուրսի վրա։ Սույն շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր մոտ երկու ժամ առաջ հայտնվել է մի քարոզչական նյութ, որի վրա պատկերված են Գյումրիում, Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները գլխավորող ավագանու անդամի թեկնածուների, ինչպես նաև ՀՀ վարչապետի, ԱԺ պատգամավորներից մեկի լուսանկարները, որոնց մի մասի աչքերին փակցված է սույն պայքարի քարոզչական նյութը՝ «չեմ վստահում» կպչուկը։ Այս լուսանկարին կից գրված է․ «Բարի լույս, չեմ վստահում սթիքերները փակցրել են ՔՊ-ականների պաստառների վրա (խնդուկի նշան-խմբ)։ Նկատենք, որ տաքերն ընկնելուն պես աշխուժացած այս շարժման ակտիվիստ-մասնակիցները օրերս հայտնվել էին նաև Գյումրիում, փորձում էին «ջուր պղտորել», ու այնքան էին տարված իրենց էժանագին քարոզչությամբ, որ կպչուկները շփոթել, փակցրել էին նաև ընդդիմադիր թեկնածուների քարոզչական պաստառների վրա։ Օրինակ, ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի ցուցակի առաջին համարի աչքերի հատվածում փակցված էր «չեմ վստահում»-ը։
Հարկ է նկատել, որ քիչ առաջ իր ամենշաբաթայա օնլայն քարոզի
ժամանակ լռության օրվա կոպտագույն խախտում թույլ տվեց նաև շարժման լիդերը՝ Բագրատ
Գալստանյանը և արքեպիսկոպոսական իր «բարձունքից» կրկին տիրաժավորեց իր հայտնի
ռեպերտուարը՝ «չարիքի իշխանություն», «ստախոս» և այլն։ Մի քանի րոպե վարչապետի
հասցեին պիտակումներ հնչեցնելուց, կարճ ասած՝
իշխանության հակաքարոզչությունն անելուց հետո Բագրատ Գալստանյանն անցավ Գյումրիի
և Փարաքարի ընտրությունների թեմային։ «Մեր առջև մի չարիք է, որն Աստծուց չի
վախենում, և մարդկանցից էլ ամոթ չունի, չի ամաչում, քանի որ մեր առջև մի չարիք է,
որի հեռացումը անհրաժեշտություն է մեզ համար։ Ես չգիտեմ՝ իրավունք ունեմ ասելու,
թե ոչ, բայց վաղը ընտրություններ են Գյումրիում, գնացեք ընտրության, ժողովուրդ,
սիրելի գյումրեցիներ, գնացեք և արտահայտեք ձեր կամքը։ Այդ մի փոքրիկ քայլով
կորցրեք ձեր անձը, որպեսզի շահեք այն։ Գնացեք այդ մի քանի վայրկյանը տրամադրեք,
որպեսզի կարողանաք հասնել հաղթանակի
խրախճանքին, նպատակակետին ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Փարաքարում։ Գնացեք ընտրության՝ մերժելու համար Աստծուց
չվախեցողներին և մարդկանցից չամաչողներին։ Մերժելու համար նրանց, ում Աստված իրենց
որովայնն է, ․․․ոչ միայն մերժելու, այլև՝ հաղթանակելու»։
Չգիտենք՝ սրբազանն
Աստծուն իր ո՞ր օրգանի հետ է
նույնացնում, և, այսքանից հետո, ունի՞
արդյոք Աստված, բայց որդիաբար թախանձում ենք հարգել պահքի այս՝
վճռական շրջանի կանոնները, հոգին ու բերանը զերծ պահել աղտից ու Աստծո
հականիշի անունը հոլովելուց։ Մեր հորդորն է՝ հետևել իր իսկ
հորդորին՝ լվալ բերանը, մաքրել շրթունքները, և Աստծուն
ու օրենքը վկայակոչելուց առաջ նախ հարգել ՀՀ ընտրական օրենսդրությունը։
Հիշեցնենք «սրբազան
պայքարի» կազմկոմիտեին՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ՝ այսօր՝ մարտի 29-ին, և
քվեարկության օրը` մարտի 30-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է:
«Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների,
հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ
թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային
հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև
համացանցում գովազդի միջոցով արգելվում է։
Ընտրական օրենսգրքի իմաստով, նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի
համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ
կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։
Արգելվում է
քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն,
վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն
մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին
մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները,
ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը:
Հուսանք՝ ընտրությունների դիտարկմամբ զբաղվող կազմակերպությունները
կարձագանքեն այս կոպտագույն խախտմանն ու կստիպեն օրինախախտներին վերացնել այն։
Հ․Մ․