Մարտի 29-ին տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Քասախի արվեստի դպրոցում։ Սա արդեն շարժման 21-րդ հանդիպումն էր, որին մասնակցեցին 200 քասախցիներ` կրթարշավին միացած գաղափարակիցների թիվը հասցնելով 1692-ի։

Հանդիպումը բացել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բանախոսությամբ, որին հաջորդել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու բանախոսությունները` «Իմանալ` ինչպես» և «Իրական Հայաստան» խորագրերով:


Տիկին Հակոբյանն իր ելույթի ընթացքում կոչ է արել ներկաներին անընդհատ և անհագուրդ կրթվելը դարձնել վարակիչ և համընդհանուր արժեք: Պատմական ակնարկներ անելով և մեր մեծերին ցիտելով` նա նշել է, որ այն հնարավորություններն ու միջոցները, որ հիմա ունենք, երբեք չեն եղել: Ելույթներին հաջորդել է երաժշտական գեղեցիկ դադար՝ Քասախի արվեստի դպրոցի սաների և նվագախմբի մասնակցությամբ։

Տիկին Հակոբյանը հանդիպման ավարտին ներկայացրել է նաև շարժման մասշտաբները, մի քանի կարևոր վիճակագրական տվյալներ, ինչպես նաև առաջիկա մարզային հանդիպումների օրերը՝ ընդլայնելով շարժման շրջանակները դեպի նոր համայնքներ:
ապրիլի 5 - Արմավիր
ապրիլի 8 - Երևան
ապրիլի 12 - Մեղրի
ապրիլի 19 - Թալին
Շարժմանը մասնակցելու և առաջիկա միջոցառումների և նախաձեռնությունների մասին առաջինը իմանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle/14TU9paSzmZrKeps5: