Հայրը տղայի տեղը պատասխան չի տալիս. անչափահաս երեխաների խնդիրը ուզում եք բարձրաձայնել. Վարդան Ղուկասյանը եղբոր թոռան կողմից բռնաբարությունը «խնդիր» որակեց

Այսօր Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրություններին Կոմկուսի ցուցակով մասնակցող  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ընտրատեղամասի շրջակայքում  լրագրողների հետ ճեպազրուցում  անդրադարձավ օրերս համացանցում հայտնված «18+» բովանդակությամբ տեսագրությանը։ Խոսքը նրա եղբոր թոռան մասնակցությամբ տեղի ունեցած բռնաբարության կարճ տեսագրության մասին է։  «Բացարձակ խայտառակություն, անչափահաս երեխաների մասին է խոսքը։ Նմանատիպ դեպք չի եղել, էդ ամեն ինչը ընդունված է, ներկայացված է, հերթական՝ Ղուկասյան ազգանունի հետ կապված թիրախավորում են ամբողջ ընտանիքին և էդ ազգանունը ունեցողներին։ Միանշանակ խաբեբայություն»,- նշեց Ղուկասյանը։


Լրագրողների ճշտմանը՝  այսինքն՝ տեսանյութում ինքը՝ իր ազգակա՞նը  չէր, նախկին քաղաքապետն արձագանքեց. «Պարզ ասում եմ, պարզ.  նախ՝ հայրը տղայի տեղը չի պատասխան տալիս, տղան էլ՝ հոր տեղը պատասխան չի տալիս։ Երկրորդ՝ էս ազգության միայն 100 տղամարդ կա մեր ազգի մեջ։ Անչափահաս երեխաների խնդիրը, որ դուք ուզում եք բարձրաձայնել, խոսել, միանշանակ լկտի սուտ է, վերջում էլ կզգաք, որ իրոք էդպես է։ Ինչ էլ որ մշտական ներկայացնում եք, ու 99 տոկոսը սուտ է դուրս գալիս, հիմա էլ սուտ է, էս ընտրությունների հետ կապված ուզում եք ռեյտինգիս հետ կապված խնդիր առաջադրել, բայց կտեսնեք, որ ժողովուրդը բոլորիդ, այ էս բոլորիդ պիտի ասեմ՝ ամոթ ձեզ, որ 25 տարի ընկել եք իմ հետևից։ Էդքան բան»,- հայտարարեց Ղուկասյանը։


Հարցին՝ դիմելո՞ւ  է դատարան՝ պատվի, արժանապատվության ոտնահարման հետ կապված, Ղուկասյանը պատասխանեց՝ ես չէ, բայց համապատասխան մարդիկ կդիմեն անպայման։


Նշենք, որ անչափահասների հետ կապված քրեական գործը, որը Ղուկասյանը փորձում էր հերքել՝ ասելով, թե նման բան չի եղել,  քննվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում։


Սույն գործով կա չորս ամբաստանյալ՝ Սերգեյ Սպարտակի Սարգսյան, Նարեկ Կոլյայի Ղուկասյան, Արտուշ Արտյոմի Բադալյան, Արթուր Տիգրանի Ալվանջյան։ «Դատալեքս» հարթակում սույն գործի վերաբերյալ ինֆորմացիան սահմանափակված է։