«Իրանին ԱՄՆ հարվածի հավանականությունը քիչ է, բայց հակառակ դեպքում կոշտ պատասխան կստանան». Խամենեի

ԱՄՆ-ի կողմից Իրանին դրսից հարվածելու հավանականությունը քիչ է, բայց եթե հարվածի, ապա կոշտ պատասխան կստանա։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։


«Նրանք (ԱՄՆ-ը) սպառնում են չարագործությամբ... Քիչ հավանական է դրսից չարագործությունը, բայց եթե դա կատարվի, նրանք անպայման պատասխան կոշտ հարված կստանան... Իսկ եթե նրանք որոշեն անկարգություններ հրահրել երկրի ներսում... նրանց պատասխան կտա Իրանի ժողովուրդն ինքը»,- ասել է Խամենեին։


 Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «նախկինում չտեսնված ռմբակոծություն իրականացնել», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնություն չկնքեն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնին միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ անցկացնել, և բանակցությունների համար բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ։