Արեգակնային ակտիվություն և մագնիսական փոթորիկներ են սպասվում․Գիտնականները նախազգուշացնում են

Գիտնականներն արեգակնային ակտիվության կայուն աճ են գրանցել։ Մարտի 31-ի գիշերը Արևի վրա գրանցվել է նախավերջին դասի հզորության երեք բռնկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։


Առաջին բռնկումը տեղի է ունեցել ժամը 01:50-ին (Մոսկվայի ժամանակով), ռենտգենյան տիրույթում` թիվ 4048 (S15E68) արևային բծերի խմբում և տևել է 13 րոպե: Հաջորդ բռնկումները գրանցվել են համապատասխանաբար Մոսկվայի ժամանակով 02:19-ին և 02:48-ին:


ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և ՌԳԱ Արեգակնաերկրային ֆիզիկայի ինստիտուտի տեղեկություններով` մարտի 28-31-ը տեղի է ունեցել ավելի քան 50 արևային բռնկում, որոնցից մեկը ամենահզոր` X դասի և 11-ը` M-դասի։


Մասնագետները նշում են, որ ակտիվության ներկայիս աճը համակարգային բնույթ է կրում։ Արևի վրա ակտիվ հատվածների թիվն աճում է ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային կիսագնդում: Բռնկումների ամենահզոր շարքն այս պահին նկատվում է արեգակնային հասարակածից դեպի հարավ` թիվ 4048 ակտիվ շրջանում:


Այս շրջանն առայժմ Արև–Երկիր ուղիղ գծից մոտ 60 աստիճան հեռու է, սակայն ամեն օր մոտենում է այդ գծին 15 աստիճանով և առավելագույն ազդեցության կհասնի շաբաթվա կեսին: Ընդ որում, Երկրի վրա ազդեցությունն արդեն հնարավոր է երեքշաբթի օրվանից։