«Գառնիկ и его команда» կամ՝ ի՞նչ էին բզբզում ձախորդ փրկիչները Գյումրիում

«Ընտրություններին նախորդող օրերին և բուն ընտրության օրը լրագրողների ու դիտորդների անվան քողի տակ Հայաստանի բոլոր ծայրերից և հատկապես Երևանից ընդդիմադիրների մի մեծ ճամբար էր հանգրվանել Գյումրիում։ Նպատակը մեկն էր՝ անհավանական վերնագրերի ներքո պատրանք ստեղծել, թե իշխանությունները ընտրություններ են կեղծում»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ընտրական ցուցակում ներառված Նազելի Բաղդասարյանը։ Վերջինս թեև չի հստակեցրել, թե մասնավորապես որ ընդդիմադիրներն էին «արշավել» Գյումրի, սակայն այդ օրվա հարցազրույցներն աչքի անցկացնելիս դժվար չէ ֆիքսել մեզ արդեն հայտնի ընդդիմադիր դեմքեր։



«Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը,  որն  անցյալ տարի այս օրերին Տավուշի մարզի չորս գյուղերն էր փորձում «փրկել»,  «փրկչական միսիայով» Գյումրի  ժամանածների թվում էր։ Հավանաբար եկել էր, որ գյումրեցիներին «սխալ ընտրությունից» փրկեր, մինչև տեսներ, թե ինչ է հրահանգելու իրենց քաղաքական «պախանը»,  որպեսզի ըստ այդմ էլ կողմնորոշվի։ Ուշագրավ էր չստացված փրկիչ Դանիելյանի հարցազրույցը  ընդդիմադիր պատգամավորներից մեկի լրատվամիջոցին։ Այդ հարցազրույցի ընթացքում, ինչպես և սպասվում էր, ԱԺ պատգամավորը կեղծ, ստահոդ տեղեկություն էր տիրաժավորել, կայքն էլ, բնականաբար, պատգամավորի արտաբերած կեղծիքը դարձրել է նյութի վերնագիր ու իր հերթին վերատիրաժավորել այն՝ այսպիսով փորձելով ստվերել ընտրությունների օբյեկտիվ պատկերը։ Փոխհամաձայնեցված գործարք է, ինչ խոսք։  Դանիելյանը, ենթադրում ենք՝ միտումնավոր,  կրկնել էր արդեն իսկ հերքված տեղեկությունը, թե՝ իշխանությունը երկու հազար ջավաքցիների՝ ֆիկտիվ ընտրողների է գրանցել Գյումրիում, որպեսզի կեղծի ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ավելի ձայներ տանի։ «Իմ պատգամավորական գործունեության շրջանակներում տեղամասեր եմ այցելելու՝ ընթացքը վերահսկելու, թույլ չտալու, որ գյումրեցու քվեն փորձեն խլեն, ընտրակեղծիքներ անեն։ Նաև ահազանգեր ենք ստանում, որ մեր Ջավախքի հայրենակիցներից են բերել, էստեղ գրանցել և պատրաստվում են մոտ մի քանի հազար ջավաքցիների ստեղ ընտրելու հնարավորություն տալ։ Այսպիսի բաներ կան, կարծում եմ, որ ընթացքում մեզ կհաջողվի էդ ամեն ինչը վերահսկել և էդ ընտրախախտումների դեպքում էլ ահազանգել, բարձրաձայնել, թույլ չտալ, որ իշխանությունը գնա էդ քայլին»,- ազդարարել էր «Գառնիկ գյումրիափրկիչը»։  Ինչ է սա, եթե ոչ՝  մանր ժուլիկություն։ Դանիելյանը, փաստորեն,  սույն  չստուգված, չհաստատված, այսինքն՝ ստահոդ ինֆորմացիան (որն, ի դեպ, օրերս տիրաժավորվել էր նախկին իշխանության հետ աֆիլացված ֆեյքի էջով) դարձրել էր իր՝ որպես ԱԺ պատգամավորի, պատասխանատվության բարձր աստիճան կրող անձի հանրային հայտարարության հիմք։ Մինչդեռ տարրական կոռեկտությունը  ենթադրում է, որ նման  «բոմբ» ինֆորմացիա ստանալուց հետո  ցանկացած իրեն հարգող գյումրիափրկիչ պետք է դիմեր պատկան մարմիններին՝ ստուգելու,  ֆիլտրելու համար, ինչից հետո նոր միայն, հղում անելով պաշտոնապես ստուգված աղբյուրին, հայտարարություն աներ։ Հասկանում ենք, Դանիելյանի միսիան այս դեպքում ոչ թե պատգամավորին պատշաճող վարքագիծ ցուցաբերելն էր, այլ՝ ֆեյքնյուզը  թութակել-ամրապնդելը, ընտրական մթնոլորտը պղտորելը, մի խոսքով՝ էժանագին խարդախությունը։      



Հարկ է նշել, որ շաբաթներ առաջ էլ, այսպես ասած, «կեղծ ընտրողներին» Գյումրիում գրանցելու մասին թեզը դաշտ էր նետել մեկ այլ պատգամավոր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետացու  Մարտուն Գրիգորյանը։ Առանց որևէ փաստ վկայակոչելու նման հայտարարություն անելով՝  նկատենք, Գրիգորյանն ակամա բացահայտել էր ընտրազեղծարարության այս փորձված մեթոդը, որը ենթադրաբար  կիրառել է նախկին ռեժիմն ու խեղաթյուրել քվեարկության իրական պատկերը։ Իզուր չէ, որ հենց Մարտուն Գրիգորյանն է նման զեղծարարության մասին բարձրաձայնում. նա, նշենք, ընտրություններին՝ թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ, մասնակցելու հարուստ փորձ ունի և քաջատեղյակ է նախկին իշխանության օրոք կազմակերպված  ընտրությունների գաղջ խոհանոցին։   



Ու խոսելով գործող իշխանության օրոք ենթադրյալ զեղծարարության մասին՝ ինչպես ասում են՝  «իր հիվանդ գլխի ախտերը փորձում էր բարդել առողջ գլխի վրա»։

   

Այս համատեքստում նկատենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկվել 2021 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկելու քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Այս գործով 6 մեղադրյալ կա, որոնցից մեկն էլ «Պատիվ ունեմ»-ի ընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու  Սուսաննա Մնացականի Տոնոյանն է՝ ՀՀԿ Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչը, որն  ընտրակաշառք է առաջարկել ընտրողներին՝ յուրաքանչյուրին 10 հազար դրամ։  Էստեղ են ասել՝ «դուք ձե՛ր դարդը լացեք, հետո դիմացինի արցունքները հաշվեք»։  

 


Նշենք, որ ՀՀ ՆԳՆ-ն, ժամանակ առաջ արձագանքելով Դանիելյանի ու նրա կոլեգայի կողմից վկայակոչված  վերոհիշյալ անհիմն ենթադրություններին, պարզաբանել էր. «Վերջին օրերին մեդիատիրույթում շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող անհիմն տեղեկություններ առ այն, որ ընտրությունների նախաշեմին «հատուկ մարդկանց խմբեր են բերվում ու ժամանակավորապես հաշվառվում Գյումրիում՝ ստանալով ընտրելու իրավունք»։ Գյումրի համայնքում նոր հաշվառումները չեն կարող ազդել ընտրական իրավունքի վրա այն պարզ պատճառով, որ, ինչպես վերևում նկարագրված է, ՏԻՄ ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացին ընտրելու իրավունք ձեռք է բերում Բնակչության պետական ռեգիստրում Գյումրի համայնքում 6 ամսվա հաշվառում, իսկ օտարերկրացին՝ մեկ տարվա հաշվառում ունենալու պարագայում միայն»։


Հ. Մանուկյան