ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ քննարկել ենք մարտի 30-ին Գյումրիում
և Փարաքար համայնքներում տեղի ունեցած ընտրություններին և Գյումրիում սպասվող զարգացումներին
առնչվող հարցեր։
Մեր զրուցակիցը նշեց, որ երկու
համայնքներում էլ իրենք արձանագրել են վարկանիշի աճ և ստացել են ավելի քվեներ. արդյոք
դա բավարա՞ր էր միանձնյա իշխանություն ունենալու համար այդ համայնքներում, ինչպես տեսան՝
ոչ։
Երկու ուժեր հայտարարել են, որ
Գյումրիում միանում են Վարդան Ղուկասյանին՝ դիտարկմանը պատգամավորն արձագանքեց, որ
երեք ուժերի ձայները, անգամ դրանք բոլորը գումարելու դեպքում, ավելի քիչ են, քան ՔՊ
թեկնածու Սարիկ Մինասյանի հավաքած ձայները։
Հարցազրույցի ժամանակ դեռևս հայտնի չէր, թե ինչպիսի հայտարարություն կանի Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած մեկ այլ ուժի ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանը։
«Այդչափ չեն ձայները, որպեսզի
մի ուժի թեկնածուին այս պահին ընդունենք որպես հաղթած։ Բանակցություններն ընթացքում են, սակայն այդ երեք ուժերի ձայները բավարար չեն համայնքի ղեկավար
ունենալու համար, և բոլորը սպասում են մյուս ընդդիմադիր թեկնածուի՝ Մարտուն Գրիգորյանի
պատասխանին։ Այս պահին շատ ասեկոսեներ և մամուլում տարբեր հրապարակումներ կան, որ Մարտուն
Գրիգորյանը համաձայնել է իր ձայներից բավարար չափով տալ, որպեսզի Վարդան Ղուկասյանը
դառնա քաղաքապետ, սակայն ժամը 17։30-ի դրությամբ
դեռևս չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն։ Բայց երեկ, օրինակ, պարոն Ղուկասյանը
ասուլիսի ժամանակ ասում էր, որ մեկ է՝ ինքը չի վստահում Մարտուն Գրիգորյանին և անգամ
փոխքաղաքապետի պաշտոնում չի տեսնում նրան։ Այնպես որ, տեսնենք՝ Մարտուն Գրիգորյանն
ինչպիսի դիրքորոշում կունենա։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ նույն պարոն Ղուկասյանը նույն
Մարտուն Գրիգորյանին չէր համարում ինքնուրույն որոշումներ կայացնող և հույսը դրել էր
Մարտուն Գրիգորյանի շրջապատում գիտակից մարդկանց խորհուրդների վրա, որին կհետևի Մարտուն
Գրիգորյանը։ Այսպիսի կրքեր են Գյումրիում»,- ասաց պատգամավորը։
Այնուհետև նա նշեց, որ իրենք իրենց թեկնածուի կողքին
են, պատրաստ են աշխատել ցանկացած դեպքում և փորձել իրենց ծրագրերն իրականացնել։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան