«Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագիրը թևակոխել է ամենակարևոր փուլերից մեկը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Երիտասարդի երազանք» նախագիծը թևակոխել է իր ամենակարևոր փուլերից մեկը։ Ծրագրի առաջնային փուլերը հաղթահարած 25-40 տարեկան սկսնակ տղամարդ գործարարները, ովքեր մեր ծրագրի այս փուլի շահառուներն էին, վերջին ամիսներին մասնակցել են բիզնեսի պլանավորման և կառավարման համապարփակ դասընթացների՝ նպատակ ունենալով ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ բիզնեսը ճիշտ վարելու և աշխատաշուկայում հաստատվելու համար։


Այսօր, ապրիլի 2-ին, դասընթացների 86 մասնակիցների մի մասը հանդես եկավ հատուկ ձևավորված հանձնաժողովի առջև՝ ներկայացնելով իրենց գործարար ծրագրերը։ Սա վճռական պահ է նրանց համար, քանի որ ներկայացված ծրագրերի բովանդակությունից ու իրատեսական լինելուց է կախված՝ արդյոք դրանք կարժանանան դրամաշնորհի։ Հանձնաժողովը, թափանցիկությունը և արդարությունը ապահովելու համար, առաջին անգամ է լսում մասնակիցներին և պետք է գնահատի նրանց` նախապես սահմանված 14 չափորոշիչների հիման վրա (ներկայացման գնահատում, գործարար ծրագրի գնահատում):  Տեղեկացնենք, որ ծրագրի հաջորդ խմբի լսումները կկայանան ապրիլի 9-ին: