Միշտ բարձր ենք գնահատել Հայաստանի աջակցությունը հատկապես այն ժամանակ, երբ պայքարում էինք մեր անկախության համար. Վիետնամի ԱԺ նախագահ

Հայաստանի և Վիետնամի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ, շարունակաբար զարգացող քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն բազմակողմ հարթակներում. ասել է ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը՝ ողջունելով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Ազգային ժողովում:


Խոսելով Վիետնամում 2013 թվականից դեսպանության ունենալու կարևորության մասին՝ բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Վիետնամի դեսպանություն ունենալը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը:


«Չնայած վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը զգալի աճել է, բայց մենք ձգտում ենք առավել մեծացնել հայկական ապրանքների արտահանումը Վիետնամ»,- նշել է Հասմիկ Հակոբյանը:


Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանը կնպաստեն մուտքի վիզաների պահանջի փոխադարձաբար վերացմանը և օդային հաղորդակցություններին վերաբերող համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ չվերթների հաստատումը:


Պատգամավորը կարևորել է Վիետնամի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը և երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամություն հայտնել:  Նա խոսել է նաև մի շարք ոլորտներում գործակցության խորացման ներուժի իրացման անհրաժեշտության մասին:


Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին: «Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղության օգտին»,- փաստել է նա:


Բարեկամական խմբի ղեկավարը բարձրաձայնել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հարցը:


«Վիետնամի կառավարությունը միշտ բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը, հատկապես այն ժամանակ, երբ պայքարում էինք մեր անկախության համար»,- նշել է Վիետնամի ԱԺ նախագահը: Նա կարևորել է տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացումը, բարձր մակարդակի փոխայցերը: Չան Թան Մանը հույս է հայտնել, որ Վիետնամը կկարողանա կամուրջ հանդիսանալ Հայաստանի հարաբերություններն ասիական երկրների հետ խորացնելու հարցում:


Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը՝ հյուրը նշել է, որ իրենք սերտորեն կաշխատեն՝ նպաստելու խաղաղության օրակարգի առաջմղմանը:


Վիետնամի ԱԺ նախագահը եւս կարևորել է Հայաստանում Վիետնամի դեսպանատուն բացելու հարցը, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացումը:


Խոսելով խորհրդարանական գործակցությունից՝ Չան Թան Մանն ընդգծել է, որ բարեկամական խմբերի դինամիկ աշխատանքի շնորհիվ  հնարավոր կլինի խորացել խորհրդարանական բարեկամությունն ու համագործակցությունը:


Ապրիլի 3-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամներ Գեղամ Նազարյանը, Մարիամ Պողոսյանը, Արուսյակ Մանավազյանը և պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Սոնա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, Արմեն Խաչատրյանը և Ալխաս Ղազարյանը: