Շարիաթի արժեհամակարգը կրող Վարդան Ղուկասյանը «ավելի ազատ Գյումրու» փառահեղ խորհրդանիշ կլինի

Գյումրիում ավարտվեցին ընտրությունները։ Ընդդիմությունը հայտարարեց, թե իրենք են հաղթել, իսկ ահա «Քաղաքացիական պայմանագրին» Գյումրին մերժեց։ Նկատենք, որ ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 36 տոկոսը, իսկ երկրորդ տեղը գրաված ուժը, եթե դրան կարելի է ուժ անվանել՝ 20,5 տոկոսը։ ՔՊ-ն ոչ միայն Գյումրիում, այլև հանրապետության ողջ տարածքում շարունակում է մնալ ամենաբարձր ռեյտինգ ունեցող քաղաքական ուժը, իսկ երկրորդ տեղից ունի շուրջ 2-3 անգամ առավելություն։


Առհասարակ, խորհրդարանական համակարգ ունեցող դեմոկրատական պետություններում ծայրահեղ հազվադեպ է լինում, որ ընտրություններին մասնակցած որևէ ուժի հաջողվի 50+ տոկոս քվե ստանալ։ Առավել ևս արդեն շուրջ 7 տարի իշխող ուժի դեպքում։ Տե՛ս Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլուր։ Բայց անգամ այս դեպքում ընդդիմությունը այսպիսի արդյունքներ է ապահովել տարատեսակ տրյուկներ կիրառելով՝ սեփական դեմքով հանդես չգալով, մեկից ավելի դեմքեր դաշտ նետելով և այլն։ Էլ չենք ասում ընտրակեղծարարությունը, որի մասին իրավապահները հայտարարություններ տարածեցին, քրեական վարույթներ կան նախաձեռնված, ձայնագրություններ տարածվեցին, ինքնախոստովանական ցուցմունքներ կան։ 

 

Բայց հատկանշական է, որ ընտրակեղծարարության մասին խոսում է այդ գործում բացարձակ չեմպիոն նախկին իշխանությունը՝ մեղադրանքների սլաքն ուղղելով գործող իշխանության ուղղությամբ։ Այդպիսի մեղադրանքներ ամենաջանասիրաբարը  բարի դեմքով, միամիտ իջևանցու կեցվածքով Գառնիկ Դանիելյանն է հասցեագրում։ Նկատենք նաև, որ պարոն Դանիելյանը պրոֆեսիոնալ ստախոս է։ Օրինակ՝ Գյումրիից Երևան վերադառնալուց հետո ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ասել է, թե երևանցիները իրավունք չունեն Գյումրի մտնելու։ Այնինչ Մինասյանն ասել էր, որ պետք չէ Երևանից գալ, խառնել ամեն ինչ իրար, միջադեպեր հրահրել, ու հարց էր ուղղել՝ ի՞նչ գործ ուներ Գառնիկ Դանիելյանը Գյումրիի ընտրական պրոցեսներում և ինչո՞ւ էր փորձում, այսպես կոչված, «սրբազան շարժման» ակտիվիստների հետ միջադեպեր հրահրել։ Հիմա էլ Դանիելյանը գնացել է 24news-ի տաղավար և այնտեղից է ստեր գեներացնում։


Նա հերթական անգամ հայտարարեց, թե իշխանությունը ընտրակեղծարարություն է արել. տարբեր մարդիկ է բերել, գրանցել Գյումրիում, հոսանքազրկումներ են եղել, մարդկանց ստիպողաբար մտցրել են ՔՊ ցուցակ և այլն։ Այս մարդն այդպես էլ չկարդաց Ընտրական օրենսգիրքը, որ գոնե հասկանար, որ ընտրելու իրավունք ունեն այդ համայնքում առնվազն 6 ամիս գրանցում ունեցող քաղաքացիները։ Օտարերկրյա քաղաքացիների դեպքում այդ ժամկետն ավելին է։ Իսկ մարտի 30-ից 6 ամիս առաջ ոչինչ չէր հուշում, որ Գյումրիում կարող են ընտրություններ լինել։ Հետևաբար իշխանությունը ցանկության դեպքում անգամ չէր կարող ջավախքցիներ, ենիչերիներ, թուրք-մասոններ, այլմոլորակայիններ բերել, գրանցել։ Դանիելյանը չպատասխանեց նաև հարցին, թե հոսանքազրկումների ժամանակ ինչ է տեղի ունեցել՝ քվեատո՞ւփ են գողացել, լցոնո՞ւմ են արել, քվեատո՞ւփ են փոխել՝ ինչպես նախկինում իր դաշինքի լիդեր Քոչարյանի կառավարման տարիներին էին անում։


Կամ եթե գյումրեցին իրոք նախընտրեց հավաքական ընդդիմությանը, ապա թող Գառնիկ Դանիելյանն ու իր գործընկերներն ասեն՝ էդ ովքե՞ր են այդ հավաքական ընդդիմությունը՝ կոմունիստնե՞րը, «Իմ հզոր համա՞յնքը»... ինչո՞ւ ընդդիմությունը իր դեմքով հանդես չեկավ և 2018-ից ի վեր գրեթե երբեք իր դեմքով հանդես չի գալիս։ Ի՜նչ անունով, այսպես կոչված, կուսակցություն ու դաշինք ասես մոգոնեցին՝ իրենց անունը քողարկելու համար։


Զավեշտալին այն է, որ դաշնակցական պատգամավորը հայտարարում է, թե ՔՊ-ն Գյումրիում իրականում մոտ 10 տոկոս վարկանիշ ունի։ Մնացածը վարչական ռեսուրսն է, ընտրակեղծիքն ու Սարիկ Մինասյանը։ Ու հարցնում է՝ ինչո՞ւ ՔՊ-ն ՔՊ-ական թեկնածու չառաջադրեց, գտավ Սարիկ Մինասյանին։ Դե արի էս մարդուն բացատրի, որ Սարիկ Մինասյանն ինքն է դիմել ՔՊ-ին, ընտրություններից առաջ մտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ու ընտրություններին մասնակցել ոչ թե «Թասիբիդ ղուրբան էղնիմ» դաշինքի անունով, այլ՝ «Քաղաքացիական պայմանագրի»։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց խայտառակ եղած, վարկաբեկված, մերժված կուսակցությունները այդպես էլ մեյդան չեն հանում ու թաքնվել են «Ջանիդ ղուրբան», «Գյումրեցու թասիբը», «Էհ, տեր Աստված» կուսակցությունների թիկունքում։


Գառնիկ Դանիելյանը ընտրակեղծարարությունից խոսելիս հղում է անում նաև «Հայաքվե» կոչվող դիտորդական առաքելությանը։ Վերջինս, ակնհայտորեն, Գյումրի էր եկել ընտրությունների արդյունքները դելեգիտիմացնելու միսիայով։


«Հայաքվեն» չի կարող լինել անկախ, անաչառ դիտորդ։ Ի դեպ, նկատենք, որ «Հայաքվեն» 180 դիտորդ էր հավատարմագրել Գյումրիի ընտրություններում, ինչն աննախադեպ է։ Համեմատության համար՝ «Անկախ դիտորդը» ուներ 25 հավատարմագրած դիտորդ։ «Հայաքվեն» նաև հստակ քաղաքական ուղղվածություն ունի, դրսևորել է դա բազմիցս, քաղաքական հայտարարություններ ու ակցիաներ է իրականացրել, իսկ այդ օրերին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում չի պահպանել դիտորդական առաքելությունների համար պարտադիր պայմանը՝ չեզոքությունը, ու զբաղվել է ՔՊ-ի նկատմամբ հակաքարոզչությամբ։   



«Հայաքվեն» նաև այնպիսի աբսուրդ ընտրախախտումներ էր արձանագրում ու վճիռներ հրապարակում՝ իբր դա ՔՊ-ն է կազմակերպել, որ ակնհայտ էր՝ նպատակը ընտրությունները դելեգիտիմացնելն էր։ Անգամ երկու տեղամասի անուն էին տալիս, որ արդյունքները պետք է չեղարկել։ Սա անում էին, որ եթե արդյունքում ՔՊ-ն 50+ տոկոս քվե ստանար, հայտարարեին, թե կեղծվել են ընտրությունները։ Հիմա, երբ ընդդիմությունը հայտարարել է միավորվելու մասին, այդ տեղամասերում արդյունքները չեղարկելու վերաբերյալ ճիչերը չեն լսվում այլևս։  «Հայաքվեն» դիտորդի լիազորություններն անցնում էր նաև տեղում՝ միջամտելով ընտրական գործընթացներին։ Այնինչ դիտորդները բացի հետևելուց ու արձանագրելուց՝ այլ լիազորություն չունեն։


 

Հ.Գ. Վերադառնալով Գառնիկ Դանիելյանին՝ վերջինս 24news-ի տաղավարում ասաց, թե ՔՊ-ի չընտրվելով Գյումրին ավելի ազատ կլինի. «Գյումրին պտի լինի ազատության խորհրդանիշը»։ Դանիելյան Գառնիկը ավելի ազատ Գյումրի պատկերացնում է Վարդան Ղուկասյանի քաղաքապետությամբ։ Շարիաթի արժեհամակարգը կրող Վարդան Ղուկասյանը «ավելի ազատ Գյումրու» փառահեղ խորհրդանիշ կլինի։

 

 

Վովա Հակոբյան