Հայկական իմպրեսիոնիզմ․ Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը

1863 թ. Փարիզի սալոնի ժյուրին մերժում է Էդուար Մանեի «Նախաճաշ» կտավը: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով: Պահպանողական տեսաբան Ժյուլ-Անտուան Կաստանյարին այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուդ», իսկ արվեստաբան Լեոն Լագրանժը խոսել անգամ չի ուզում «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին»:


Մեկ տասնամյակ անց, նկարավաճառ Պոլ Դյուրան-Ռյուելի ցուցասրահում, բացվում է իմպրեսիոնիստների 2-րդ ցուցահանդեսը:



Հաջորդ օրը «Ֆիգարո» թերթը հրապարակում է Ալբեր Վոլֆի հանրահայտ գրախոսականը. «Օրերս Դյուրան-Ռյուելի մոտ բացվեց մի ցուցահանդես: Ասում են, թե դա «գեղարվեստական ցուցահանդես» է: (...) Հինգ թե վեց հոգեկան հիվանդ, այդ թվում և մի կին, միավորվել են, որպեսզի ներկայացնեն իրենց աշխատանքները: (…) Այդ այսպես կոչված նկարիչներն իրենց հռչակում են իմպրեսիոնիստներ»:



Նույն կերպ, երբ 1898 թ. բացվում է Մոսկվայի արվեստասերների ընկերության 18-րդ պարբերական ցուցահանդեսը, 28-ամյա Եղիշե Թադևոսյանի՝ մրցանակների արժանացած «Կեսօրյա ճաշ» և «Քարոզ ուղղադավաններին» կտավները բանավեճերի առիթ են տալիս ժամանակի արվեստային շրջանակներում՝ լայն արձագանք գտնելով ռուսական և հայկական մամուլում: Քննադատները նրան մեղադրում են լույսի ու ստվերի միջև կտրուկ սահմանների բացակայության համար՝ տաղանդավոր գունանկարչի կտավները որակելով որպես «տարբեր երանգների ցեխակապտագույն բծերի անտրամաբանական զուգակցում»:


Ծնունդ առնելով և ձևավորվելով Ֆրանսիայում, եվրոպական արվեստում իրական հեղաշրջում կատարած այս «տիպիկ ֆրանսիական» ուղղությունը միջազգային լայն տարածում գտավ՝ կազմավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ: «Հայկական իմպրեսիոնիզմը» ամբողջապես կայացել է 1900–1910-ական թվականներին՝ բազմազան դրսևորումներ գտնելով հայ նկարիչներից շատերի արվեստում: